ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Վաղը` մայիսի 16–ին, առավոտյան ժամը 8.00–ից Երևանում անհնազանդության ակցիաներ են լինելու։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարեց շարժման ղեկավարներից Իշխան Սաղաթելյանը։
«Իրականացնելու ենք անհնազանդության տարբեր ակցիաներ, տեղի են ունենալու ավտոերթեր։ Հաշվի առնելով եղանակային պայմանները՝ վաղը հանրահավաք չենք ունենալու, բայց ողջ օրվա ընթացքում պետք է շարունակենք անհնազանդության ակցիաները»,–ասաց Սաղաթելյանը։
Նրա խոսքով` երեքշաբթի, մայիսի 17–ին, շատ կարևոր օր է լինելու և վաղ առավոտյան` ժամը 8–ից, անհնազանդության ակցիաները պետք է շարունակվեն։
«Պետք է ձևավորենք առնվազն 80-100 խմբեր, որոնք առավոտյան կթողնեն իրենց գործը, առօրյա հոգսերը ու դուրս կգան փողոց։ Այն հազարավոր մասնակիցները, որ ունենում ենք երեկոյան, պետք է ունենանք առավոտյան, որ ամբողջ քաղաքը կասեցնենք»,–ասաց նա։
Նա հավելեց, որ մայիսի 17-ի երեկոյան՝ ժամը 7-ին կրկին հանրահավաք կանցկացնեն։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։