ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 16-ին Մոսկվայում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների գագաթնաժողովը, որին կմասնակցի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Միջոցառումը նվիրված է լինելու ՀԱՊԿ-ի 30-ամյակին։ Նախատեսված է և՛ առաջնորդների հանդիպում, և՛ նրանց առանձին շփում՝ աշխատանքային նախաճաշի ձևաչափով: Միջոցառման արդյունքների մասին լրագրողներին տեղեկատվություն կտրամադրեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանը ներկա պահին նախագահում է ՀԱՊԿ-ում։
Հավաքական անվտանգության մասին պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին՝ Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից:
Պայմանագրում առանձնահատուկ կարևորություն ունի 4-րդ հոդվածը, համաձայն որի, «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի ագրեսիա պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ»: