ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Խորհրդային Միության կրկնակի հերոս, ԽՍՀՄ մարշալ Հովհաննես Բաղրամյանի թոռը՝ Հովհաննես Բաղրամյան կրտսերը «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում մեկնաբանել է Ռիգայում Ազատարարների հուշարձանը ապամոնտաժելու մասին Լատվիայի խորհրդարանի որոշումը։
Մարշալի թոռան խոսքով՝ իշխանության նման որոշումը ցույց է տալիս լատվիական կողմից հակառուսական ու հակախորհրդային արշավի մասին:
«Սա Երկրորդ համաշխարհային, Հայրենական Մեծ պատերազմի արդյունքների վերանայումն է, որտեղ ջնջվում է ազատամարտիկների հիշատակը։ Այն մարդկանց, որոնք զոհասեղանին են դրել իրենց կյանքը հանուն հաղթանակի, որպեսզի ազատեն մերձբալթյան երկրները»,- ասել է նա։
Բաղրամյան կրտսերը նշել է, որ եթե իր պապը միջադեպի ականատեսը լիներ, ապա դժգոհ կմնար։ Այդ կապակցությամբ նա պատմել է ուսանելի մի անեկդոտ՝ իր լեգենդար նախնու մասնակցությամբ։
«1946 թվականին նրան (Մարշալ Բաղրամյանին) ընտրեցին Լատվիայի ԽՍՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր։ Այդ ժամանակ ռուսախոսները՝ ռուսները, ուկրաինացիները, բելառուսները, Լատվիայի բնակչության մոտ 2/3-ն էին կազմում։ Նիստին առաջին մարդը ելույթ է ունենում լատիշերեն, երկրորդը՝ լատիշերեն, երրորդը՝ լատիշերեն։ Բաղրամյանը ձեռք է բարձրացնում ու խոսում հայերեն։ «Խնդրում եմ խոսել այն լեզվով, որը բոլոր ներկաները հասկանում են»,- այդպես է ավարտում իր ելույթը նա:
Հերոսի թոռան խոսքով՝ դա ակնառու դաս էր, թե ինչպես պետք է մարդ իրեն պահի բազմազգ երկրում։
Լատվիայի խորհրդարանը ավելի վաղ օրենք է ընդունել Ռուսաստանի հետ միջկառավարական համաձայնագրի գործողության կասեցման մասին։ Այն վերաբերում էր Լատվիայում խորհրդային զինվորների հուշարձանների պահպանմանը։ Նոր օրենքը հնարավորություն կտա ապամոնտաժելու Ռիգայի ազատամարտիկների հուշարձանը։
Մայիսի 11-ին ոստիկանությունը փակել է հուշարձանի մուտքը։ Համայնքային ծառայությունները տրակտորով տարել են մայիսի 9-ին հուշարձանի մոտ դրված ծաղիկները: Ավելի ուշ քաղաքի բնակիչները կրկին սկսել են ծաղիկներ բերել։ Մայիսի 12-ին Լատվիայի խորհրդարանը թույլ է տվել քանդել հուշարձանը։