Ինչպե՞ս պայքարել գարնանային ալերգիայի դեմ. Երևանի գլխավոր ալերգոլոգը` վտանգների մասին

Ալերգիա
Երևանի գլխավոր ալերգոլոգի խոսքով` գարնանային ալերգիան շատ վտանգավոր է հղիների համար, քանի որ հաճախակի փռշտոցները կարող են ազդել պտղի աճի վրա, նույնիսկ վիժման հանգեցնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Գարնանային ալերգիան տհաճ ու վտանգավոր հիվանդություն է, որն ի հայտ է գալիս ծաղկունքի ժամանակ։ Երևան քաղաքի գլխավոր ալերգոլոգ-իմունոլոգ, դոցենտ, «Էրեբունի» ԲԿ ալերգոլոգիական ծառայության ղեկավար Քրիստինա Ջամալյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է հիվանդության պատճառների ու կանխարգելման մասին։
«Ծաղկափոշու պատճառով մարդկանց մոտ սրվում է ալերգիկ ռինիտը (քթաբորբը)։ Այս հիվանդությունն արտահայտվում է քթահոսությամբ, փռշտոցներով, արցունքահոսությամբ, կոկորդի, աչքերի ու ականջների շրջանի քորով, գլխապտույտով, գլխացավերով, ուշադրության և աշխատունակության անկումով, թուլությունով։ Ծաղկափոշին է այս ամենի պատճառը և այն համարվում է շատ խիստ ալերգեն»,- ասաց ալերգոլոգը։
Նա նշեց, որ սեզոնայնությունը սկսվում է գարնան ամիսներին, երբեմն նաև` ամռանը, հազվադեպ է պատահում, որ այն ձգվում է մինչև խոր աշուն։
Մասնագետը շեշտեց` գարնանային ալերգիան շատ տարածված է երեխաների, հղիների ու մեծահասակների շրջանում։ Այս շատ տհաճ հիվանդությունը նաև վտանգավոր է, որովհետև գլխապտույտներ, գլխացավեր, նևրոտիկ երևույթներ ու սրտի հետ կապված խնդիրներ էլ են ի հայտ գալիս։

«Ալերգիայի այս տեսակը շատ վտանգավոր է հղիների համար, քանի որ հաճախակի փռշտոցները կարող են ազդել պտղի աճի վրա, հանգեցնել վիժման և այլն։ Առաջին հերթին պետք է դիմել ալերգոլոգի, սակայն ցանկալի է, որ մինչև ախտանշանների ի հայտ գալը, մինչև սրացումը՝ 15 օրից մինչև 1 ամիս առաջ, ալերգիկները դիմեն բժշկի»,- ասաց Ջամալյանը։

Բժշկուհին ընդգծեց` սեզոնային ալերգիայի ժամանակ անհրաժեշտ է կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկել, այն է` դեղորայքային միջամտությունը։
Սովորական բարձը կարող է ալերգիայի պատճառ դառնալ
Ալերգիկ անձանց հաճախ հորդորում են զերծ մնալ փոշոտ իրերի հետ շփումից, ծաղկող ծառերի տակով անցնելուց, խորհուրդ են տալիս դիմակ դնել, սակայն Ջամալյանը հատկապես դիմակ դնելը համարում է անօգուտ, քանի որ դա կարող է անգամ վիճակն ավելի բարդացնել։ Նրա խոսքով` հաճախ մարդիկ չեն պահում դիմակ դնելու կանոնները, և այն մի քանի ժամը մեկ չեն փոխում, իսկ երկար օգտագործելու հետևանքով ալերգենները կարող են հավաքվել այդ դիմակի վրա։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ալերգիայով է տառապում երկրագնդի բնակչության մոտ 30 տոկոսը։ Յուրաքանչյուր 3-րդ անձի մոտ առկա է ալերգիկ ռինիտ, իսկ յուրաքանչյուր 10-րդն ունի բրոնխիալ ասթմա։ Հիվանդության գլխավոր գործոնները մասնագետները համարում են շրջակա միջավայրի աղտոտումը, սննդի մեջ քիմիական հավելումների և կոնսերվանտների ավելցուկը, սթրեսը, աշխատանքի վնասակար պայմանները:
Ռուս հայտնի բժիշկն ալերգիաների դեմ բնական «դեղամիջոց» է բացահայտել