ՀԱՊԿ-ն ապացուցել է տարածաշրջանային կայունության երաշխավորի իր արդյունավետությունը. Վոլոդին

Ղազախստանին օգնություն ցուցաբերելիս ՀԱՊԿ խաղաղապահների գործողությունների օպերատիվությունն ու ներդաշնակությունը դարձել են կազմակերպության հասունության ապացույց, ինչպես նաև ամրապնդել են հավաքական ռազմական ներուժը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը անդամ պետությունների ինքնիշխանության երաշխավորն է, այն ապացուցել է իր արդյունավետությունը տարածաշրջանային կայունության ապահովման գործում։ Նման կարծիք է հայտնել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակի կապակցությամբ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի խորհրդարանների խոսնակներին ուղղված շնորհավորական ուղերձում: Վոլոդինի խոսքը ներկայացված է ՌԴ Պետդումայի կայքում։

«Կազմակերպությունն այսօր հուսալի պատվար է միջազգային ահաբեկչության ու ծայրահեղականության մարտահրավերների և սպառնալիքների դեմ։ ՀԱՊԿ-ը ծանրակշիռ ներդրում ունի անդրազգային հանցավորության, անօրինական միգրացիայի, կազմակերպված թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառության դեմ պայքարում»,- նշել է Վոլոդինը։

Վոլոդինը հայտնել է, որ այս տարվա հունվարին իրավիճակի կայունացման գործում Ղազախստանին օգնություն ցուցաբերելիս ՀԱՊԿ խաղաղապահների գործողությունների օպերատիվությունն ու ներդաշնակությունը դարձել են կազմակերպության հասունության ապացույց, ինչպես նաև ամրապնդել են հավաքական ռազմական ներուժը:
Վոլոդինն ամփոփել է, որ ներկա պայմաններում մեծանում է խորհրդարանական վեհաժողովի դերը։ Այն կոչված է նպաստելու Հավաքական անվտանգության համակարգի ամրապնդման համար ընդհանուր որոշումների մշակմանը, այդ թվում՝ ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման ճանապարհով։