ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանը «Ինստագրամի» իր էջում որդու` Արմանի հետ նոր լուսանկար է հրապարակել ու նշել, որ երգիչ, կոմպոզիտոր Հայկոն աշխարհի լավագույն հայրն էր։
Երգչուհին նշել է, որ 4 օր հետո որդու ծննդյան տոնն է ու ինքը անսահման երախտապարտ է Աստծուն և Հայկոյին` նման որդի ունենալու համար։
«Ես երախտապարտ եմ Հայկոյին, որ նա աշխարհի լավագույն հայրն էր, և Արմանն իր 10 տարիների ընթացքում նրանից այնքան բարություն, ջերմություն և խորհուրդներ է ստացել, որոնք նա կհիշի իր ողջ կյանքի ընթացքում․․․ Ես շնորհակալ եմ նրան այս բարի փոքրիկի դաստիարակության գործում ամենամեծ ներդրման համար և այն ուժի համար, որ նա հիմա տալիս է մեզ, որպեսզի մենք ժպտանք եւ շարունակենք ապրել»,–գրել է երգչուհին։
Անահիտը շեշտել է, որ որդու առաջին ծննդյան օրն է առանց հոր, բայց վստահ է, որ Հայկոն ամեն ինչ տեսնում է։
Հիշեցնենք՝ կոմպոզիտոր, երգիչ Հայկոն մահացել է 2021 թ. սեպտեմբերի 29-ին։ Նա 48 տարեկան էր։