ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը Ֆրանսիայի հրապարակից «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ դիմեց հայ ժողովրդին և հայտարարեց, որ Հայաստանի ազգային անվտանգության հիմքում պետք է դրվեն արտաքին քաղաքականության և դիվանագիտական ջանքերի միջոցով Հայաստանի և Արցախի շուրջ անվտանգության կայուն և երկարատև խաղաղության ապահովման գաղափարներ, որոնք կլինեն Արցախի ինքնորոշման իրավունքի պարտադիր կիրառման միջոցով։
Նրա խոսքով`պետք է բացառել դիվանագիտության ոլորտում քաղաքական նշանակումները։
«Հայաստան-Ռուսաստան երկկողմ համագործակցության օրակարգի բոլոր ուղղություններով, ներառյալ ռազմաքաղաքական, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, հումանիտար, մշակութային ոլորտներում Հայաստանը պետք է վերականգնի և ընդլայնի Ռուսաստանի հետ հարաբերություններն ու ռազմավարական գործընկերությունը»,- ասաց Զաքարյանը։
Նրա խոսքով` կարևորելով Իրանի Իսլամական Հանրապետության տարածաշրջանային դերակատարությունը , հաջորդ կառավարությունը պետք է ձգտի է՛լ ավելի զարգացնել բարիդրացիական հարաբերություններն Իրանի հետ։
Հայաստանը պետք է կարողանա արդյունավետ և գործնական օրակարգեր մշակել նաև հայ-ամերիկյան համագործակցության համար, այն չի կարող հայտնվել կախյալ վիճակում և պետք է նպաստի տարածաշրջանում խաղաղության ու փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորմանը։
«Հստակ քայլեր պետք է ձեռնարկվեն Ֆրանսիայի հետ առանձնաշնորհյալ, քաղաքական , տնտեսական հարաբերությունների զարգացման համար։ Հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությունն անփոխարինելի կամուրջ է եղել Եվրոպայի հետ Հայաստանի համակողմանի համագործակցության և փոխադարձ վստահության համար»,- ասաց նա։
Զաքարյանի խոսքով` Հայաստանի համար խիստ կարևոր և սկզբունքային պետք է լինի բարեկամ Վրաստանի հետ բազմակողմանի հարաբերությունների ու դրանք փոխշահավետ ծրագրերով հարստացնելու հետևողական ջանքերը։
Նկատի ունենալով Չինաստանի աճող գլոբալ դերակատարությունը, հաջորդ կառավարությունը պետք է նոր որակի բազմաբնույթ հարաբերություններ կառուցի Չինաստանի հետ, շեշտեց բանախոսը։ Նոր կառավարությունը, ըստ Զաքարյանի, պետք է նախաձեռնող լինի Հնդկաստանի, Մերձավոր և Միջին Արևելքի երկրների, ինչպես նաև Ճապոնիայի հետ բարեկամական ու փոխշահավետ հարաբերությունների ամրապնդման գործում ու պետք է շարունակի համագործակցությունը Եվրոպական Միության անդամ պետությունների հետ։