Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության հանրահավաքը

Արամ Վարդևանյան
Վարդևանյանի խոսքով` Հայաստանին բարեփոխումներ են պետք, որոնցից մեկը երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության հանրահավաքը, որում բացման խոսքով հանդես եկավ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։ Նա հայտարարեց, որ Հայաստանում արդարադատության հաստատման համար ժողովուրդը առաջնահերթ մասնակցություն պետք է ունենա։
«Պետք է քննարկենք Հայաստանում երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման հարցը` հատկապես 44–օրյա պատերազմի հանգամանքները քննելու հարցում»,- ասաց Վարդևանյանը։
Նա նաև հայտարարեց իշխանափոխությունից հետո իրենց իրականացնելիք մի քանի ծրագրերի մասին՝ հիշեցնելով, որ վարորդների բալային համակարգն ու կարմիր գծերն իսպառ վերացվելու են։
Քննարկվելու է նաև համաներման հարցը։

«2018 թվականին ձեզ բազմաթիվ խոստումներ տվեցին, բայց ի՞նչ եղավ. գազը, ջուրը, հոսանքը, ամեն ինչ թանկացան։ Բացի այդ, բարձրացավ նաև գույքահարկը։ Առաջարկում եմ կասեցնել այդ ռեֆորմը»,- ասաց նա։

Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։