ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. «Եվրատեսիլ- 2022» երգի մրցույթի եզրափակիչ փուլում «Snap» երգով հանդես եկած հայ մասնակից Ռոզա Լինը զբաղեցրեց 20-րդ հորիզոնականը։
Քվեարկության արդյունքում Հայաստանը ստացավ 61 միավոր։
«Եվրատեսիլ» միջազգային մրցույթի առաջին տեղում Ուկրաինան է («Kalush Orchestra» խումբը), որը ստացավ 631 միավոր, երկրորդում` Միացյալ Թագավորությունը (466 միավոր), երրորդում՝ Իսպանիան (459 միավոր)։
Այսպիսով` հաջորդ տարի «Եվրատեսիլը» կանցկացվի Ուկրաինայում։
Նշենք, որ 1956 թվականից սկսած` ամեն տարի անցկացվող այս մրցույթը աշխարհի ամենահայտնի երաժշտական միջոցառումներից է: «Եվրատեսիլի» լսարանը հասնում է 600 միլիոնի։
Այս տարի միջոցառումը կազմակերպվել էր Իտալիայի Թուրին քաղաքում։