Դատարանը մերժել է Գյումրու գործով անցնող ՀՅԴ-ական երիտասարդի կալանավորման միջնորդությունը

Քննչական կոմիտեն հայտնել է, որ մի խումբ երիտասարդներ՝ իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Դատարանը մերժել է ՀՅԴ անդամ Վելիխան Խլղաթյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը։
Այդ մասին տեղեկացնում է փաստաբան Գայանե Պապոյանը ֆեյսբուքյան էջում։
«Ինձ համար նիստը չափազանց դժվար էր հուզական առումով, քանի որ Վելիխանն իմ ուսանողն է, ով նաև պատերազմի մասնակից է»,- նշված է գրառման մեջ։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ընդդիմության կազմակերպած ավտոերթի ընթացքում Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում կանգնած քաղաքացիների և հիշյալ ավտոերթի մասնակիցների միջև տեղի է ունեցել վիճաբանություն։

Քննչական կոմիտեն հայտնել է, որ մի խումբ երիտասարդներ՝ իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին:
Ընդդիմադիրներն իրենց հերթին հայտնել են, որ տեղի ունեցածը սադրանք էր. հավաքվածները մինչ այդ ձվերով, քարերով հարվածել են երթի մասնակիցների ավտոմեքենաներին, հայհոյանքներ հնչեցրել։
Հավելենք, որ նշված գործով մեղադրանք է առաջադրվել 7 անձի, որոնցից 4-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը: