Սաղաթելյանը դիմեց օլիգարխներին՝ դադարեցրե՛ք ֆինանսավորել իշխանական ֆեյքերի ֆաբրիկաները

Սաղաթելյանը նշեց, որ հայ ժողովրդին պետք է ազգային իշխանություն, որը կկասեցնի պետության կործանման գործընթացը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ԱԺ փոխնախագահ, «Դիմադրություն» շարժման ղեկավարներից Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակից դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին սատարող օլիգարխներին։
«Ես հատուկ զգուշացնում եմ Նիկոլին սատարող, ներկայիս իշխանության հենարան հանդիսացող օլիգարխներին։ Նրանց անունները բոլորիդ հայտնի են։
Դուք դեռ ուղղվելու շանս ունեք, միացե՛ք ժողովրդի պայքարին, դադարեցրե՛ք ֆինանսավորել ֆեյքերի ֆաբրիկաները և ձեր գործունեությամբ նպաստեք, որ այս իշխանությունը մեկ օր ավել մնա։ Այս իշխանությունը հեռացվելու է, և եթե խելքի չգաք՝ հատ-հատ պատասխան եք տալու»,- ասաց Սաղաթելյանը։
Անդրադառնալով հետագա գործունեությանը, Սաղաթելյանը նշեց, որ հայ ժողովրդին պետք է ազգային իշխանություն, որը կկասեցնի պետության կործանման գործընթացը, կապահովի երկրի սահմանների պաշտպանությունը, անձեռնմխելիությունը, կիրագործի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու իր թիվ մեկ գործառույթը, կհաստատի արժանապատիվ խաղաղություն, Հայաստանը կդարձնի արդար, բարեկեցիկ և անվտանգ երկիր։

«Ես և իմ ընկերները պայքարի առաջին օրը հայտարարել ենք՝ գնալու ենք մինչև վերջ, այս պայքարի հաջողության համար դրել ենք ամեն ինչ, ես պատրաստ եմ ցանկացած զոհողության, գնալու եմ առջևից՝ առաջինը հարվածելու եմ, առաջին հարվածը իմ վրա եմ վերցնելու, ամեն ինչ անելու ենք այս պայքարի հաջողության համար»,-հայտարարեց նա։

Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության հանրահավաքին հաջորդեց քայլերթը։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Ապրիլի 13-ին խորհրդարանում նա ափսոսանք հայտնեց, որ 2018-2019 թվականներին ժողովրդին չի ասել, որ «մեր բոլոր հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։