ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյին ասել է, որ Ուկրաինայի հետ բանակցությունները փաստացի դադարեցվել են։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության` զրույցի ընթացքում Պուտինը խոսել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև բանակցային գործընթացի մասին։
«Կիևը շահագրգռվածություն չի ցուցաբերում լուրջ և կառուցողական երկխոսության հարցում»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինն ու Նիինիստյոն մտքեր են փոխանակել Ֆինլանդիայի ղեկավարության հայտարարած՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ ներկայացնելու մտադրության շուրջ:
ՌԴ նախագահն ընդգծել է, որ ռազմական չեզոքության ավանդական քաղաքականությունից հրաժարվելը սխալ կլինի, քանի որ Ֆինլանդիայի անվտանգությանը ոչինչ չի սպառնում։
Երկրի արտաքին քաղաքական ուղու այդպիսի փոփոխությունը կարող է բացասաբար անդրադառնալ ռուս-ֆիննական հարաբերությունների վրա, որոնք տարիներ շարունակ կառուցվել են բարիդրացիության և գործընկերային համագործակցության ոգով, փոխշահավետ բնույթ են կրել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 80-րդ օրը։