Արարատ Միրզոյանն Աբու Դաբիում է. նրան ընդունել է ԱՄէ–ի արտգործնախարարը

Արարատ Միրզոյան
Հանդիպմանը կարևորվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական փոխգործակցության խորացումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր Աբու Դաբիում հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը խորին ցավակցություն է հայտնել Միացյալ Էմիրությունների կառավարությանը և ժողովրդին՝ նախագահ շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանի մահվան կապակցությամբ՝ զորակցություն և համերաշխություն հայտնելով Նահյանների ընտանիքին:
Միրզոյանը նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից հաջողություն է մաղթել նորընտիր նախագահ Մուհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին՝ երկրի նախագահի պատասխանատու պաշտոնում:
Արտգործնախարարներն անդրադարձել են հայ-էմիրաթական հարաբերությունների հետագա զարգացմանը՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնելու երկկողմ հետաքրքրության ոլորտներում համագործակցությունը:
Կարևորվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական փոխգործակցության խորացումը՝ ընդգծելով պարբերական շփումների խթանման և փոխշահավետ ներդրումային ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը:
Հիշեցնենք` Արարատ Միրզոյանը մայիսի 12-13-ը գտնվում էր Դուշանբեում, որտեղ մասնակցում էր ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: