Ժամկետային զինծառայող Արգիշտի Եղյանի մահվան դեպքով ձերբակալվել են համածառայակիցները

Քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել են շարքային Եղյանի մահվան դեպքի հանգամանքները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Ժամկետային զինծառայող Արգիշտի Եղյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են նրա 2 համածառայակիցները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մայիսի 11-ին՝ ժամը 10:15-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանը, նույն զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի դիտակետում իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց արձակելով կրծքավանդակի շրջանին, ինքնասպան է եղել:
Մայիսի 12-ին ձերբակալվել են վերջինիս 2 համածառայակիցները` ՀՀ քրեական օրենսգրքի հետևյալ կետերով նախատեսված արարք կատարելու կասկածանքով.
360.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետով (զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից),
360.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետով (մի խումբ անձանց կողմից մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը):
Նախաքննությունը շարունակվում է: