Զելենսկին պատրաստ է Էրդողանի միջնորդությամբ հանդիպել Պուտինի հետ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Էրդողանը. Արխիվային լուսանկար
Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինի փոխանցմամբ` Զելենսկին ասել է, որ իրենք լիովին վստահում են Թուրքիային։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջնորդությամբ։ Հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալինի` TurkiyeGazetesi-ին տված հարցազրույցին։
Քալինն ասել է, որ Կիև կատարած այցի ընթացքում հանդիպել է Զելենսկու հետ, որը շնորհակալություն է հայտնել Թուրքիային` կառուցողական ու հավասարակշռված վերաբերմունքի և աջակցության համար։
«Պարոն Զելենսկին ասել է, որ իրենք լիովին վստահում են Թուրքիային։ Բացի այդ, նա հաստատել է, որ պատրաստ է հանդիպել պարոն Պուտինի հետ` մեր նախագահի միջնորդությամբ»,- ասել է Քալինը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայում փետրվարի 24-ին սկսված հատուկ ռազմական գործողությունից հետո Թուրքիան անընդհատ փորձում է բանակցություններում միջնորդի դեր ստանձնել։
Անկարային երկու անգամ հաջողվել է ռուս-ուկրաինական հանդիպում կազմակերպել Թուրքիայում․ նախ Անթալիայում հանդիպեցին ՌԴ և Ուկրաինայի արտգործնախարարները, հետո Ստամբուլում մարտի 29-ին հանդիպեցին Բելառուսում բանակցած պատվիրակությունները։