ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Ուկրաինացի ազգայնականները Սևերոդոնեցկում (ԼԺՀ) բնակելի տների վերին հարկերում կրակակետեր են տեղադրել, իսկ բնակիչներին բռնի ուժով պահում են իրենց բնակարաններում, հայտարարել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
Բացի այդ, նրանք Խարկովի դպրոցներում և վարժարաններում, ինչպես նաև Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության տարբեր քաղաքների դպրոցներում կրակային դիրքեր են կահավորել՝ այնտեղ տեղակայելով ծանր սպառազինություն, այդ թվում՝ հրետանի և համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:
«Ընդ որում՝ մերձակա տների բնակիչներին, իբրև թե նրանց անվտանգությունն ապահովելու պատրվակով, բռնությամբ պահում են նկուղներում»,-հայտարարել է նա։
Բացի այդ, նեոնացիստները ԴԺՀ-ում՝ Պուտվիլում, հոգեբուժական հիվանդանոցի շենքում հենակետ են կահավորել, բակում ծանր սպառազինություն են տեղադրել, իսկ նկուղում ուժով պահում են անձնակազմին և հիվանդներին:
Նա հիշեցրել է, որ ռուսական ստորաբաժանումները միայն ճշգրիտ հարվածներ են հասցնում ռազմական օբյեկտներին։
«Եվ քաղաքացիական ենթակառուցվածքների՝ գրոհայինների կողմից հենակետերի և կրակակետերի «վերածված» օբյեկտների տարածքում Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների և տարածքային պաշտպանության գումարտակների կողմից բռնությամբ պահվող խաղաղ բնակիչների զոհվելու պատասխանատվությունը բացառապես Ուկրաինայի հանցավոր իշխանությանն է»,-նշել է Միզինցևը:
Նա ընդգծել է, որ Կիևի ռեժիմի նման գործողությունները հերթական անգամ անմարդկային վերաբերմունք են ցուցադրում սեփական քաղաքացիների նկատմամբ և վկայում են բարոյականության ու միջազգային մարդասիրական իրավունքի բոլոր նորմերի լիակատար անտեսման մասին:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 79-րդ օրը։