Թալինում ավագանու արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Կառավարություն այսօր որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և ավագանու արտահերթ ընտրություններ նշանակելու մասին։
Նախագիծն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի շարքում:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ 2021 թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ Արագածոտնի մարզի Թալին միավորված համայնքում տեղի է ունեցել համամասնական ընտրակարգով ավագանու ընտրություն:
Դեկտեմբերի 17-ին կայացել է Թալին համայնքի ավագանու անդրանիկ նիստը, որի ընթացքում Տավրոս Սափեյանն ընտրվել է համայնքի ղեկավար: Սակայն, առ այսօր չի կայացել համայնքի ընտրված ղեկավարի երդման արարողությունը՝ ավագանու անդամների քվորումը չապահովվելու հիմքով:
Փետրվարի 8-ից առ այսօր Թալին համայնքի ավագանու նիստեր չեն հրավիրվել և անցկացվել, քանի որ դրանք պետք է հրավիրվեին համայնքի ղեկավարի կողմից, այնինչ Թալին համայնքի ընտրված ղեկավարն իր լիազորությունները չի ստանձնել:
Կառավարությունն առաջարկում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ավագանու արտահերթ ընտրության անցկացման օրը: