ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Ռուսական ավիացիան խոցել է Ուկրաինայի զինվորականների կենդանի ուժի ու տեխնիկայի կենտրոնացման 153 շրջան, ոչնչացվել է ԱՄՆ-ի արտադրության հակաօդային պաշտպանության ազդարարման և տեղորոշման կայանը: Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Խարկովի շրջանում ոչնչացվել են «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի ուկրաինական 2 կայան և ԱՄՆ-ի արտադրության հակաօդային պաշտպանության ազդարարման և ցուցման ռադիոլոկացիոն կայանը»,- ավելացրել է նա:
Ռուսական ՀՕՊ միջոցները մեկ օրում Սու-27 կործանիչ են խոցել Խարկովի մարզում, 15 ԱԹՍ` տարբեր շրջաններում։
ՌԴ ԶՈւ-ն Խարկովի մարզի Տոպոլսկոյե բնակավայրի վրա «Սմերչ» համազարկային կրակի համակարգի երկու ուկրաինական ռեակտիվ արկ է որսացել:
Գեներալը հայտնել է, որ Ռուսաստանը բարձր ճշգրտության զենքով ոչնչացրել է Պոլտավայի մարզի Կրեմենչուգ քաղաքի հյուսիսային ծայրամասում գտնվող նավթավերամշակման գործարանի արտադրական հզորությունները, խոցել ուկրաինական զորքերի տեխնիկայի համար նախատեսված վառելիքի պահեստամասերը:
«Հրթիռային զորքերն ու հրետանու ստորաբաժանումները խոցել են կառավարման 15 կետ, կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 520 շրջան, կրակային դիրքերում 6 հրետանային ստորաբաժանում, ինչպես նաև հրթիռային սպառազինության պահեստ Խարկովի մարզի Շեբելինկա բնակավայրի շրջանում»,- ասել է Կոնաշենկովը:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 79-րդ օրը։