ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի - Sputnik. Ռուսաստանի օդատիեզերական ուժերը բարձր ճշգրտության հրթիռների հարվածներով ոչնչացրել են ԼԺՀ տարածքում տարածքային պաշտպանության և գումարտակի ուկրաինական շտաբները։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
«Ռուսաստանի օդատիեզերական ուժերի օդային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Զոլոտոյե և Վրուբովկա բնակավայրերի շրջաններում ոչնչացվել են տարածքային պաշտպանության և 24-րդ մեխանիզացված բրիգադի գումարտակի շտաբները»,-հստակեցրել է Կոնաշենկովը:
Բացի այդ, Խարկովի մարզի Կրասնոպավլովկա շրջանում խոցվել է կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի կենտրոնացման 32 շրջան, ինչպես նաև զինամթերքի պահեստ։
«Հարվածների արդյունքում ոչնչացվել են 300-ից ավելի ազգայնականներ, շարքից հանվել է 37 միավոր ռազմական տեխնիկա»,-հավելել է Կոնաշենկովը:
Ռուսական ՀՕՊ միջոցներն իրենց հերթին այսօր երեք ուկրաինական անօդաչու սարք են խոցել ԴԺՀ-ում և Խարկովի մարզում։
ՌԴ հրետանին և հրթիռային զորքերը խոցել են ուկրաինական զորքերի կառավարման 17 կետ, 5 հրետանային ստորաբաժանում և ՈւԶՈւ կենդանի ուժի և տեխնիկայի կուտակման 370 շրջան:
Ինչպես նշել է գեներալը, ռուսական օպերատիվ-մարտավարական և բանակային ավիացիան օրվա ընթացքում ոչնչացրել է ուկրաինական 3 հրամանատարական կետ և Ուկրաինայի Զինված ուժերի կենդանի ուժի և տեխնիկայի կենտրոնացման 52 շրջան:
ՌԴ Պաշտպանության նախարարության տվյալներով՝ հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր ոչնչացվել է 165 ինքնաթիռ, 125 ուղղաթիռ, 845 անօդաչու թռչող սարք, 304 զենիթահրթիռային համալիր, 3039 տանկ և այլ մարտական զրահամեքենաներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի 369 կայանք, դաշտային հրետանու 1498 հրանոթ և ականանետ, ինչպես նաև 2882 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 79-րդ օրը։