ՌԴ-ն դեմ չէ Զելենսկու և Պուտինի հանդիպմանը, բայց պետք է փաստաթուղթ լինի. Պեսկով

Կրեմլ
ՌԴ նախագահի մամուլի խոսնակն ասել է` ոչինչ չի փոխվել, բոլորը լավ գիտեն Ռուսաստանի նախագահի դիրքորոշումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Ռուսաստանը չի հրաժարվում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումից, սակայն մինչ այդ պետք է համապատասխան փաստաթուղթ պատրաստվի։ Այս հայտարարությունն արել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Այս հարցում ոչ մի փոփոխություն չի եղել, դուք լավ գիտեք Ռուսաստանի նախագահի դիրքորոշումը։ Ոչ ոք չի հրաժարվում նման հանդիպման հնարավորությունից, բայց դրան պետք է պատրաստվել։ Եվ այդ հանդիպման նախապատրաստումը կարող է և պետք է արտահայտվի բացառապես համապատասխան փաստաթղթի մշակմամբ, որը հետո պետք է արդեն բարձր մակարդակով ավարտվի», - ասել է Պեսկովը։
Նա հստակեցրել է` առանց այդ նախապատրաստական գործողությունների հանդիպում հնարավոր չէ անցկացնել։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 79-րդ օրը։