Մարուքյանը ներկայացրեց Ադրբեջանին ուղարկված 6 կետերը

Էդմոն Մարուքյան. Արխիվային լուսանկար
Այսպես կոչված խաղաղության պայմանագրի շուրջ հայկական կողմը ներկայացրել է 6 կետ` ի պատասխան Ադրբեջանի առաջարկների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական էթիկան պահպանել և շարունակում է պահպանել։ Ադրբեջանը Հայաստանի հետ այսպես կոչված խաղաղության պայմանագրի հինգ կետերը հրապարակել էր, և ՀՀ-ն հայտարարեց, որ ի պատասխան դրա 6 կետանոց արձագանք է ներկայացրել։ Այս մասին այսօր «Առաջին ալիքին» տված հարցազրույցում ասաց ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը` նշելով, որ լիազորված է հրապարակելու վեց կետերը և ներկայացրեց դրանք.
1-ին կետում ասված է` մարտի 11-ին ստացվել է Ադրբեջանի առաջարկը, և պատասխանում ենք։
2-րդ կետ. Հայաստանի Հանրապետությունը երբեք չի ունեցել և չունի տարածքային պահանջներ Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ։ Այստեղ խոսվում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և սահմանների` 1991 թվականի դեկտեմբերի ութին Ադրբեջանի հետ համատեղ ստորագրված փաստաթղթի մասին։
3-րդ կետով ասվում է, որ հայկական կողմի համար հիմնարար է Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության երաշխավորումը, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշման հարցը։
4-րդ կետը. հայկական կողմը կարևոր է համարում Ադրբեջանի նախագահի, ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի` նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի հայտարարություններում ամրագրված պարտավորությունները` ռազմագերիների վերադարձը, որը մինչ օրս չի արվել, կոմունիկացիաների բացումը։
5-րդ կետը. հայկական կողմը պատրաստ է բանակցություններ սկսել խաղաղության, հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու` Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման համար` ՄԱԿ կանոնադրության և այլ միջազգային փաստաթղթերի հիման վրա։ Այստեղ ամրագրված են ազգերի ինքնորոշման և այլ կարևոր իրավունքներ։
6-րդ կետ. համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
Մարուքյանն ասաց, որ սա այն է, ինչ հայկական կողմը ներկայացրել է ի պատասխան Ադրբեջանի առաջարկների։
Հիշեցնենք` Ադրբեջանի արտգործնախարարությունը հարաբերությունների կարգավորման` 5 կետից բաղկացած առաջարկ է արել Հայաստանին և հայտարարել, թե պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքելու բանակցություններին, եթե պաշտոնական Երևանն ընդունի այդ 5 կետերը։
Հայաստանի և Ադրբեջանի հանրապետությունների միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար ՀՀ-ն դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։
Ապրիլի 25-ին ՀՀ ԱԳՆ-ն հայտնեց, որ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, և կողմերը համաձայնության են եկել սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի կառուցվածքի շուրջ: