Հորդորում ենք անհապաղ ազատ արձակել Ավետիք Չալաբյանին. «Արար» հիմնադրամ

Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին ընդդիմության ցույցերին մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. «Արար» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը հորդորում է Հայաստանի գործող իշխանություններին անհապաղ ազատ արձակել «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանին և ՀՀ օրենսդրության շրջանակներում ձեռնարկել միջոցներ՝ պարզելու սույն մեղադրանքի իրական հանգամանքները: Նման հայտարարություն է տարածել «Արար» հիմնադրամը։
Նշվում է, որ Չալաբյանի ձերբակալությունը իշխանության պատասխան արձագանքն է նրա ոչ իշխանահաճո քաղաքացիական դիրքորոշման։
«Պարոն Չալաբյանը պարբերաբար դեմ է արտահայտվել բանակի կանխամտածված ու հետևողական քայլերով հեղինակազրկմանն ու Արցախի հիմնախնդրի լուծման հարցում ներկայիս իշխանության դիրքորոշմանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ Ավետիք Չալաբյանը ձերբակալվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին ընդդիմության ցույցերին մասնակցության դիմաց նույն համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու կասկածանքով։
Այս գործով Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը) հարուցվել է քրեական գործ։