ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Քուվեյթի քաղաքացիները կկարողանան Հայաստան այցելել առանց վիզայի, բայց ՀՀ տարածքում մնալ 1 տարվա ընթացքում առավելագույնը 180 օր։ Քուվեյթի քաղաքացիներին մուտքի վիզայից ազատելու որոշումն ընդունվել է այսօր ՀՀ կառավարության նիստում` ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկով։
Նախարարության համոզմամբ` դա լուրջ խթան կհանդիսանա Քուվեյթից Հայաստան զբոսաշրջային հոսքի և գործարար ակտիվության համար:
«Հնարավոր է նաև, որ վիզայի ռեժիմի ազատականացումը որոշիչ դեր խաղա Քուվեյթ-Երևան ուղիղ չվերթի վերաբացման համար, որն իր հերթին զգալիորեն կդյուրացնի շփումներն ու փոխայցելությունները»,– ասվում է նախագծի հիմնավորման մեջ։
Համավարակով պայմանավորված արգելքներն էապես սահմանափակել էին երկկողմ համագործակցության դինամիկան և կտրուկ նվազեցրել գործնական փոխայցելությունները։
Այժմ Քուվեյթը գրեթե ամբողջությամբ վերացրել է հակահամավարակային սահմանափակումները, ինչը նպաստավոր պայմաններ է ստեղծվել փոխայցերը վերականգնելու համար: