ՀՀ-ի վիճակը պատկերված է զինանշանի վրա․ մասնագետը հորդորում է հերալդիկայի խորհուրդ ստեղծել
Կարեն Աղամյանը համոզված է, որ զինանշանի վրա փոփոխություն կատարելու համար մեծ գումարներ պետք չեն, սակայն սա այն դեպքն է, երբ ծախսերի մասին մտածել պետք չէ։
SputnikԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Հայաստանի պետական զինանշանում կան անթույլատրելի սխալներ, որոնք բացասաբար են անդրադառնում երկրի և պետության ճակատագրի վրա։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Կարեն Աղամյանը։
ՀՀ զինանշանի կենտրոնում վահանի վրա պատկերված է Արարատ լեռը՝ Նոյյան տապանով, շուրջը պատմական
Հայաստանի թագավորություններից չորսի՝ Բագրատունիների, Արշակունիների, Արտաշիսյանների, Ռուբինյանների զինանշաններն են։ Վահանը պահում են արծիվը (ձախից) և առյուծը (աջից), իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն։
Աղամյանի պնդմամբ` զինանշանի վրա պատկերված յուրաքանչյուր գիծ պետության կայացման կամ գոյատևման հարցում ունի իր դերն ու նշանակությունը։
«Այն, ինչ նկարագրված է Սահմանադրությամբ, ամբողջությամբ համապատասխանում է մեր զինանշանին, որն այսօր կա, սակայն այլ բան է, թե ինչպես է այն մեկնաբանված։ Պատկերվածը հակասում է հերալդիկայի օրենքներին։ Մեր զինանշանի վահանակիր կենդանիների` արծվի ու առյուծի բերանները պարտադիր պետք է բաց լինեն, ժանիքներն ու լեզուն էլ երևան։ Մեզ մոտ այդ ամենը բացակայում է։ Անատամ, ճաղատ, ծեր արծիվն ու առյուծը, շղթայված ու անեզր թուրը անզորության նշան են։ Կարգախոսի ժապավենն էլ մեզ մոտ պատկերված է դատարկ և հակառակ կողմից»,- ասաց Աղամյանը, որը չգիտի` սխալները պատահականությա՞ն արդյունք են, թե ոչ։
Նրա խոսքով` այդ ամենը կարելի է համարել միստիկա, որը գիտական աշխարհը փորձում է հասկանալ, վերլուծել, և արդյունքում ՀՀ զինանշանը շատ խղճուկ է, և պետության վիճակն էլ պատկերված է զինանշանի վրա։
1 / 6
Հայաստանի թագավորություններից չորսի զինանշանները
2 / 6
Զինանշանի վրա պատկերված սուրը
3 / 6
Արարատ լեռան դիմաց պատկերված ջուրը, որի մասին Սահմանադրության մեջ չի հիշատակվում։
4 / 6
Զինանշանի վրա պատկերված ժապավենը
5 / 6
Արարատ լեռը՝ Նոյյան տապանով
Ըստ նրա` խնդիրը լուծելու համար
Հայաստանում պետք է ստեղծվի նախագահին կամ վարչապետին կից հերալդիկայի խորհուրդ, որը ոչ թե պետք է փոխի զինանշանը, այլ ենթարկի լրամշակման։
«Մեզ մոտ հիմա այնպիսի իրավիճակ է, որ որևէ գյուղապետ կարող է ծիտիկ նկարել ու ասել, որ իրենց գյուղի զինանշանն է։ Նման բաները պետք է բացառվեն, և այդ հիմնարկի բացակայությունն է հանգեցրել է վերոնշյալ խնդիրներին»,- ասաց Աղամյանը։
Մասնագետն անդրադարձավ նաև Ռուսաստանի 38 զինանշաններին, որոնք տարբեր ժամանակներում արտացոլել են երկրի հաջողություններն ու ձախողումները։ Նա օրինակ բերեց Մեծ Բրիտանիայի, Պարսկաստանի, Ճապոնիայի, Ինդոնեզիայի, Թուրքիայի և Ադրբեջանի զինանշանները, որոնք թեև արված են տարբեր ոճով, բայց համապատասխանում են հերալդիկայի կանոններին։
«Աշխարհը ղեկավարում են ոչ թե օրենքներն ու մարդիկ, այլ նշաններն ու խորհրդանշանները»,- Կոնֆուցիոսին մեջբերեց Աղամյանը։
Նկարիչը շատ լավ է հիշում, թե ինչպես ընտրվեց ՀՀ զինանշանը։
«1991 թվականին ստեղծվեց հանձնաժողով, որում ես էլ էի ընդգրկված։ Այդ ժամանակ հայտարարվեց մրցույթ, ներկայացվեց զինանշանի 150 տարբերակ։ Բացվեց ցուցահանդես, և հանձնաժողովի անդամները բաժանվեցին մի քանի խմբի, քանի որ կային 1918-1920 թթ. անկախ
Հայաստանի զինանշանի տարբերակներ, որոնք կատարելագործվել էին, կային նաև Խորհրդային Հայաստանի զինանշանների տարբերակներ, և կային բացարձակապես նոր աշխատանքներ։ Հանձնաժողովի անդամները չկողմնորոշվեցին, ու հայտարարվեց նոր փուլ, որում ներկայացվեց 200 աշխատանք։ Այս փուլում էլ տարակարծություն կար, այդ պատճառով արդեն նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը եկավ և ընտրեց աշխատանքներից մեկը։ Կարծում եմ` դա ամենալավ տարբերակն էր»,- ասաց Աղամյանը։
Ներկայիս զինանշանին ինչ-որ չափով նման աշխատանքի հեղինակը արվեստագետ Ռուբեն Ղևոնդյանն էր: ԱԺ-ում անցկացվող քննարկումների ժամանակ այդ ժամանակվա պատգամավորները կարծիք հայտնեցին, դեմ արտահայտվեցին, և ստացվեց այնպես, որ ընտրեցին մի տարբերակ, որն այսօր համարվում է մեր զինանշանը։
Նկարիչը ներկայացրեց իր տարբերակները, որոնցով առաջարկում է լրամշակումներ անել ՀՀ ներկայիս զինանշանի վրա։ Նրա տարբերակներից մեկում թրի ծայրը երևում է, ժապավենը ճիշտ կողմով է պատկերված, իսկ վրան կարգախոս կա` «Ազգ, միասնություն, պետություն»։ Ըստ նրա` պետք է ճշտվեն նաև թագավորությունների զինանշանները, որոնք ներկայիս ՀՀ զինանշանի վրա աղավաղված են։
«Վահանի մեջտեղում գտվող Արարատ լեռան առջև պատկերված է ջուր, ինչը Սահմանադրության մեջ չկա։ Սա ինձ հնարավորություն է տվել իմ առաջարկած տարբերակում մի պատկեր անելու, որը արև է խորհրդանշում։ Ջուրը նշանակում է հեղհեղուկ վիճակ, կարծես ամրություն չկա։ Գերբի շղթան էլ պոկված եմ պատկերել, որը չի խոչընդոտում սրի աշխատանքը»,- ասաց Աղամյանը և հավելեց, որ զինանշանի յուրաքանչյուր դետալ պետք է հաշվարկված և մտածված լինի, անգամ արծվի փետուրների քանակը։
1 / 4
Կարեն Աղամյանի առաջարկած տարբերակում երևում է թրի ծայրը։
2 / 4
Նկարիչը ջրի փոխարեն արև խորհրդանշող պատկեր է առաջարկում։
3 / 4
Շղթան պետք է պոկված լինի։
4 / 4
Նկարիչն առաջարկում է ժապավենի վրա գրել. «Ազգ, միասնություն, պետություն»։
Աղամյանը շեշտեց` զինանշանի վրա փոփոխություններ անելը մեծ գումարներ չի պահանջում, և սա այն դեպքն է, երբ ծախսերի մասին պետք չէ մտածել։
Մասնագետը մինչ օրս չի կարողացել հասկանալ նաև ՀՀ դրոշի գույների (կարմիր, կապույտ, նարնջագույն) բուն նշանակությունը և սարսափում է օրհներգում հնչող որոշ բառերից։
«Հաճախ ասում են, թե դրոշի կարմիր գույնը արևն է, կապույտը` երկինքը, սակայն կա վարկած, որ կարմիրն արյունն է և այն երկնքի վրա է գալիս։ Նարնջագույնի իմաստն էլ ամբողջությամբ չեմ հասկանում։ Օրհներգի վերաբերյալ կարծիքս հստակ է։ Այնտեղ կան բառեր, որոնք ուղղակի սարսափելի են։ Մեզ մոտ 3 անգամ կրկնվում է «մահ» բառը, սակայն ուսումնասիրել եմ շատ երկրների օրհներգեր, որևէ տեղ նման բան չկա»,- ասաց Աղամյանը։
Նա մեջբերեց օրհներգի հետևյալ տողը` «Բայց երանի, որ յուր ազգի ազատության կզոհվի», և շեշտեց` մյուս երկրների պարագայում (անգամ Թուրքիայի, Ադրբեջանի) հնչում են «միայն առաջ», «դեպի հաղթանակ», «կեցցե մեր դրոշը» և նման արտահայտություններ։ Մասնագետի համար անհասկանալի է նաև, թե ինչու է ՀՀ օրհներգում դրոշն արցունքով լվացվում։ Նրա պնդմամբ` այդպիսով կարծես կոդավորում է արվում, ինչն անընդունելի է։