ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի պատվիրակ Ռոզա Լինը և Էստոնիայի հայազգի պատվիրակ Ստեֆան Հայրապետյանը եզրափակիչ փուլից առաջ միասին կատարել են «Ո՜վ սիրուն, սիրուն» երգը: Տեսանյութը Instagram-ի իր էջում հրապարակել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունը:
Տեսանյութում Ստեֆանը կիթառ է նվագում ու Ռոզայի հետ երգում։ Կատարումը շատ է դուր եկել հետևորդներին։ Նրանք բազմաթիվ դրական մեկնաբանություններ են գրել։
Նշենք, որ «Եվրատեսիլ 2022» երգի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլը տեղի կունենա մայիսի 14-ին: Եզրափակիչում Ռոզա Լինն իր Snap երգով հանդես կգա 8-րդ համարի ներքո:
Հայաստանի պատվիրակի ելույթի բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը: Այս ռեժիսորները աշխարհահռչակ շոուների, համերգների բեմադրման մեծ փորձ ունեն և խոստանում են, որ Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությունը ևս հիշարժան կլինի: