Էդուարդ Շարմազանովին քննչական կոմիտե են հրավիրել

ՀՀԿ գործադիր մարմնի անդամը վստահեցնում է, որ պայքարից չեն հրաժարվելու։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ՀՀ քննչական կոմիտե է հրավիրվել։ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին է հրավիրվել։
«Սրանք չհասկացան, որ պայքարից հրաժարվել չի լինելու։ Ռեժիմը բացահայտ անցել է քաղաքական հակառակորդների դեմ ռեպրեսիաների գործելաձևին»,–գրել է Շարմազանովը։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։