Արցախցի գեներալ Օգանովսկու համար խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը

Գեներալ–մայոր Սամվել Կարապետյան. Արխիվային լուսանկար
Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են խուզարկություններ, առգրավումներ, հարցաքննություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակում հնչած կրակոցների դեպքով ձերբակալված Արցախի պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ–մայոր Սամվել Կարապետյանին (հայտնի է որպես գեներալ Օգանովսկի) մեղադրանք է առաջադրվել։
Նշենք, որ կրակոցները հնչել են մայիսի 10-ին` ժամը 19:10-ի սահմաններում։ Դրանց հետևանքով վնասվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան:
Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և 245-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված հանցանքների հատկանիշներով:
Հաշվի առնելով պարզված հանգամանքները` ականատեսների ցուցմունքները, քրեական դատավարության մասնակիցների վրա ազդելու ցածր հնարավորությունը քննիչի կողմից որոշում է կայացվել մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել երկրից չհեռանալու ստորագրությունը։
Քրեական գործի նախաքննության ընթացքում կատարվել են խուզարկություններ, առգրավումներ, հարցաքննություններ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է։
Ստեփանակերտում կրակոցների գործով ձերբակալվածը արցախցի գեներալ է