Ընտրություններում ԲՀԿ–ն սնունդ է բաժանել. Գավառի գրասենյակի քարտուղարն ընդունել է մեղքը

Նախապես կազմված ցուցակով 31 ընտրողների բաժանվել են 10 840 ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի սննդամթերքի փաթեթներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. 2021թ–ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք բաժանելու գործով մեղադրանք է առաջադրվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երկու անդամների` Գավառի տարածքային գրասենյակի քարտուղար Սոնյա Զաքոյանին ու ԲՀԿ ընտրական ցուցակի 83-րդ համարի թեկնածու Արամայիս Ապրոյանին։
Ինչպես հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը, ըստ մեղադրանքի, Սոնա Զաթոյանը Ապրոյանի հետ պայմանավովել են շուրջ 80 ընտրողների սննդամթերքի տեսքով կաշառք տալու շուրջ։ Գնել են սննդամթերթը, փաթեթավորել, ապա հնարավոր բացահայտումից խուսափելու համար կուսակցության գրասենյակից Ապրոյանը դրանք տեղափոխել է Գավառ քաղաքում գտնվող իր բնակարան:
Այնտեղից, ըստ նախապես կազմված ցուցակի, փաթեթները բաժանել են 31 ընտրողների` յուրաքանչյուրին տալով 10 840 ՀՀ դրամ արժողությամբ տարբեր տեսակի սննդամթերք։
Դատախազությունը նաև հայտնում է, որ մայիսի 4-ին կայացած դատական նիստում Սոնա Զաքոյանն իրեն մեղավոր է ճանաչել։ Պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 4 տարի ժամկետով փորձաշրջան, ամբաստանյալի վրա դրվել են ուղղմանը նպաստող պարտականություններ:
Իսկ Արամայիս Ապրոյանի վերաբերյալ քրեական գործով դատական քննությունը շարունակվում է: