Փաշինյանը կհարցաքննվի. դատախազությունը բավարարել է տուժողների միջնորդությունը

Զոհված զինծառայողների հարազատները
Զոհվածների ծնողները հարցաքննության ժամանակ պահանջել են Նիկոլ Փաշինյանին մեղադրյալ ճանաչել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատներն այսօր հարցաքննվել են հարուցված քրգործի շրջանակում։ Փաստաբան Վահան Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ զոհվածների ծնողների միջնորդությունը բավարարվել է, ՀՀ գլխավոր դատախազը ցուցում է տվել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կանչեն հարցաքննության։
«Իսկ թե երբ կլինի հարցաքննությունը, պարզ չէ, քանի որ քննիչն ինքն է որոշում գործողությունների հերթականությունը։ Դատախազի կողմից տուժողի իրավահաջորդ է ճանաչվել 27 անձ, ևս 15-ի վերաբերյալ մենք ենք միջնորդություն ներկայացրել»,–ասաց փաստաբանը։
Զոհվածներից մեկի հայրը նշեց, որ հարցաքննության ժամանակ ներկայացրել է իր պահանջը, այն է` Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավել և կանչել հարցաքննության։
Զոհված տղաներից Մխիթար Գալեյանի հայրն էլ` Գարիկ Գալեյանը, նույնպես պահանջել է հարցաքննության կանչել Փաշինյանին և անմիջապես ձերբակալել։
«Քննիչին ասացի, որ արդար քննություն ենք ուզում, ինչպես նաև պահանջում ենք կալանավորել Փաշինյանին, քանի որ մենք` զոհվածների ծնողներս, չենք ուզում մեր ձեռքերն արյունոտել»,–ասաց նա։
Փաստաբանը հավելեց, որ ծնողների հետ կխորհրդակցեն և օրվա երկրորդ կեսին առավել կտրուկ ու ագրեսիվ միջնորդություն կունենան Փաշինյանի նկատմամբ դատաիրավական գործողություններ սկսելու համար։
Ծնողների հետ հարցաքննություններն այս պահին շարունակվում են։
Հիշեցնենք` 44-օրյա պատերազմում զոհվածների ծնողները մի քանի օր շարունակ բողոքի ակցիաներ էին անում ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Նրանք դատախազին էին փոխանցել իրենց ստորագրություններով դիմում-պահանջը 44-օրյա պատերազմի վերաբերյալ քրգործում վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու և իրենց տուժող ճանաչելու մասին։
Ապրիլի 28-ին դատախազությունից ծնողներին հայտնել էին, որ միջնորդությունն ուղարկվել է քրգործի վարույթն իրականացնող մարմնին։
Նշենք, որ ծնողների դիմումը վերաբերում է ՀՀ ՀՔԾ-ում 2020թ. նոյեմբերի 21-ին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով հարուցված քրգործին. քննության առարկա են պատերազմից առաջ և դրա ընթացքում ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ենթադրաբար կատարված այնպիսի արարքներ, որոնք բացասական նշանակություն են ունեցել զինված ուժերի մարտունակության հարցում և ազդել են պատերազմի արդյունքի վրա։
Քրգործի նախաքննությունը հանձնված է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին։