ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Ոստիկանությունը խուզարկել է հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանի տունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Չալաբյանի փաստաբան Արթուր Հարությունյանը։
«Խուզարկության ժամանակ առանձնապես ոչ մի կարևոր բան չեն գտել, նրան էլ հետո տարել են ոստիկանության Արաբկիրի բաժին պարզաբանում տալու», - ասաց նա։
Պաշտպանը հայտնեց, որ խուզարկությունը տեղի է ունեցել դատարանի որոշմամբ, իրավապահներն էլ կրիչներ ու ցուցակներ են փնտրել։
Նրա խոսքով` խուզարկությունն իրականացվել է Քրեական օրենսգրքի 163 հոդվածով հարուցված քրեական գործի շրջանակում (երթերին կամ ցույցերին մասնակցելուն բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով հարկադրելը)։
Հարությունյանը հավելեց, որ Չալաբյանին բերման ենթարկելն ապօրինի է։
Նշենք, որ վերջին օրերին Երևանում ընթացող ընդդիմության բողոքի ցույցերի ֆոնին խուզարկության են ենթարկվել նաև ՀՅԴ որոշ անդամների տներն ու ՀՅԴ Արմավիրի մարզի մարզային գրասենյակները։ ՀՅԴ 2 անդամի կալանավորել են։
Այսօր հայտնի դարձավ, որ խուզարկություն է իրականացվել նաև ՀՅԴ ԳՄ անդամ Սուրեն Մանուկյանի տանը։