ԵՐԵՎԱՆ, մայիսի 12 - Sputnik. Որոշ ոստիկաններ հրաժարվել են ուժ կիրառել խաղաղ բողոքի ակցիաներ իրականացնողների դեմ և ազատվել են աշխատանքից։ Այս մասին հայտարարել է ԱԺ փոխնախագահ, «Հայաստան» դաշինքից Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում։
«Մայոր Խաչիկ Թովմասյանը և լեյտենանտ Նարեկ Հարությունյանը հրաժարվել են ենթարկվել հրամաններին և աշխատանքից ազատման դիմում են գրել», - ասաց Սաղաթելյանը:
Սաղաթելյանը հայտարարեց, որ վաղը ակցիաները նույն կերպ շարունակվելու են, իսկ ժամը չորսին տեղի կունենա հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։