ՌԱԴԻՈ

Գերիները նամակների կամ տեսաուղերձների միջոցով կապվում են ընտանիքների հետ․ իրավապաշտպան

Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը Sputnik Արմենիայի եթերում ներկայացրել է Ադրբեջանում պահվող գերիների շուրջ առկա իրավիճակը։
Sputnik
Ադրբեջանը ռազմագերիների հարցում առևտուր է անում և՛ հայկական կողմի, և՛ միջազգային գործընկերների հետ։ Ռազմագերիների հայրենադարձման հարցում որևէ էական առաջընթաց չկա։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը Sputnik Արմենիայի եթերում այսպես մեկնաբանեց ռազմագերիների վերադարձի գործընթացում առկա իրավիճակը։
Իրավապաշտպանի խոսքով՝ միջազգային հանրությունը շատ լավ ընկալում է, որ այստեղ քաղաքական առևտուր կա, բայց քաղաքականությամբ ու տնտեսական շահերով պայմանավորված` գերիների մարդասիրական հարցում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ չի կիրառում։
«Քաղաքական հարցն այն է, որ հայկական կողմը բանակցում է, բայց կոշտ դիրքորոշում չի ներկայացնում, ավելին՝ միջազգային գործընկերների մոտ գովաբանում է Ադրբեջանին, իսկ տնտեսականն այն է, որ ԵՄ-ն նավթագազային հետաքրքրություններ ունի Ադրբեջանում, ԱՄՆ-ն էլ ռազմավարական շահեր՝ Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններում»,-ասաց Սահակյանը։
Անդրադառնալով այն դեպքերին, երբ որոշ երկրների միջնորդությամբ գերիների հայրենադարձում է կազմակերպվել, Սահակյանը նշեց, որ այդ գործընթացները ևս քաղաքական տարր են պարունակում ու անգամ ոչ բարոյական կերպար ունեցող երկրներ փորձել են հայ ռազմագերիների վերադարձով «ինքնամաքրվել»։ Դրանց թվում է, ըստ Սահակյանի, Հունգարիան, որի բարձրաստիճան պաշտոնյաները Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը կազմակերպելու համար ժամանակին գումարներ էին ստացել Ադրբեջանի ղեկավարությունից։
Իրավապաշտպանի դիտարկմամբ` այս հարցում հիմա միայն քաղաքական հայտարարություններ կան։
Պապիկյանը գերիների հարազատներին է ներկայացրել հայրենադարձման ուղղությամբ արվող քայլերը
«Օրինակ՝ 1,5 տարի անց Փաշինյանը հայտարարեց, որ գերիների հարցը քաղաքականացվել է, և դա բարձրաձայնեց հիմա, երբ հարցը քաղաքականացված է արդեն 1,5 տարի, բայց սա էլ դրական է, կարող է միջազգային արձագանքներ լինեն դրա շուրջ։ Հայաստանը հետևողական պետք է բարձրաձայնի Արդրբեջանի բոլոր խախտումները և պահանջատեր լինի միջազգային արձագանքների հարցում»,- նշեց Սահակյանը։
Ընդհանուր առմամբ` գերիների հարցում իրավիճակը դեպի վատն է գնում, քանի որ Ադրբեջանն իր ողջ պետական ապարատով ռեսուրսներ է ծախսում նրանց մասին կեղծ փաստաթղթեր պատրաստելու վրա, որպեսզի պաշտպանի իրեն միջազգային դատարանում։ Ըստ Սահակյանի՝ կեղծվում են ընդհուպ մինչև փորձաքննությունների ու բժշկական փաստաթղթեր։
«Այս պայմաններում դժվար է ակնկալել որևէ բարեկամական կամ խաղաղարար քայլ այս երկրից։ Բազմաթիվ մարդասիրական խնդիրներ, որոնք կարողէին լուծվել 2-3 ամսում, 1,5 տարի է՝ առկախված են, և դրա դիմաց Ադրբեջանը դեռ զիջումներ է ուզում Հայաստանից ու միջազգային հանրությունից»,-հավելեց իրավապաշտպանը։
Սահակյանը նշեց, որ այն գերիների համար, որոնց անունները պաշտոնապես հաստատված են, Կարմիր խաչի հասանելիությունը ապահովված է. նրանք պարբերաբար կապի մեջ իրենց ընտանիքների հետ՝ նամակներով կամ տեսաուղերձներով։
Հիշեցնենք, որ մինչ այս իրավապաշտպաններն Ադրբեջանի կողմից առնվազն 80 գերեվարման դեպքի մասին անվիճելի ապացույցներ են հավաքել, սակայն ադրբեջանական կողմը չի հաստատում այդ մարդկանց գերեվարումը։
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 11-ին, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում քննարկել է նաև հայ ռազմագերիների վերադարձի հարցը։