«Դաշնակցականի տանը ամեն ինչ կգտնեք բացի ընտրակաշառքից»․Արծվիկ Մինասյանը դիմեց իշխանությանը

Արծվիկ Մինասյանը Ֆրանսիայի հրապարակում
ՀՅԴ անդամի վստահեցմամբ՝ Գյումրիում տարեցներին ծեծելու միջադեպն ուռճացված է, ընդդիմադիր երիտասարդները հարգում են տարեցներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ելույթ ունենալով Երևանի Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքին, ասաց, որ իշխանությունը փորձում է կոտրել ընդդիմադիրների ոգին։
«Գիտեք, որ խուզարկել են ՀՅԴ-ական Սուրեն Մանուկյանի տունը, ուզում էին ընտրակաշառք գտնել։ Դաշնակցականի տանը ամեն ինչ կգտնեք բացի ընտրակաշառքից։ Նման քայլերով չեք կարող կոտրել մեր ոգին», - ասաց նա։
ՀՅԴ անդամի վստահեցմամբ՝ Գյումրիում տարեցներին ծեծելու միջադեպն ուռճացված է, ընդդիմադիր երիտասարդները հարգում են տարեցներին։
«Այս պայքարին միացած բոլոր երիտասարդները հարգում են տարեցներին։ Հիմա ապատեղեկատվության քարոզ է գնում՝ այդ թվում և Հ1-ով», - ասաց նա։
Մինասյանն անդրադարձավ նաև ձերբակալված ինը երիտասարդներին, որոնց կալանավորման մասին որոշում պետք է կայացվի։ Նա ասաց, որ նրանց շարքերում է ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանի որդի Տարոն Մանուկյանը և Նիդեռլանդներից հատուկ հանրահավաքների համար ժամանած մի երիտասարդ։
Նշենք, որ մայիսի 8-ին ընդդիմության կողմից կազմակերպած ավտոերթի ընթացքում, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում կանգնած քաղաքացիների և հիշյալ ավտոերթի մասնակիցների միջև տեղի է ունեցել վիճաբանություն։
Պարզվել է, որ մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում պարզվել է տուժած տղամարդկանց ինքնությունը, որոնք 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են: