ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանի որդին` Տարոն Մանուկյանը, կալանավորվել է։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացնում է նրա փաստաբան Աբգար Պողոսյանը։
«Հերթական ապօրինի որոշումը. կալանավորվեց 44-օրյա պատերազմի մասնակից Տարոն Մանուկյանը։ Ոստիկանական ցուցմունքներով հերթական գործընթացը» , ֊ գրել է Պողոսյանը։
«Ոստիկանական դիմակահանդեսներով, բիրտ ուժով, բանտերով մեզ չեք կարող վախեցնել։ Մեր տեսակը նահանջել չգիտի կռվելուց, առաջինը մե՛նք ենք զենք վերցնում, անարդարության դեմ մե՛նք ենք պայքարում։ Ուստի ևս մեկ անգամ կոչ եմ անում բոլոր ինձ ճանաչող ընկերներիս, հարազատներիս, երբեք չվախենա՛ք , չլռե՛ք և հավատը չկորցնե՛ք» , ֊ ասել է Մանուկյան կրտսերը։
Նշենք, որ մայիսի 8-ին ընդդիմության կողմից կազմակերպած ավտոերթի ընթացքում, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում կանգնած քաղաքացիների և հիշյալ ավտոերթի մասնակիցների միջև տեղի է ունեցել վիճաբանություն։
Պարզվել է, որ մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում պարզվել է տուժած տղամարդկանց ինքնությունը, որոնք 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են:
Նախաքննության ընթացքում ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանցից երեքի ինքնությունը. նրանցից մեկը Արագածոտնի մարզի 1991թ. ծնված բնակիչ Գոռ Սարգսյանն է, մյուսը Երևան քաղաքի 1999թ. ծնված բնակիչ Տարոն Մանուկյանը, իսկ երրորդը Արարատի մարզի բնակիչ, 1990թ. ծնված Արսեն Մարտոյանն է: