Ուկրաինացի զինվորականները վերջին օրերին ավելի ու ավելի հաճախ են գնդակոծում Դոնբասի քաղաքները։ Խփում են ինչպես հրանոթային, այնպես էլ ռեակտիվ համակարգերով։ Խաղաղ բնակիչների շրջանում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ։ Եվ որքան մոտենում է «Դոնբասի մեծ կաթսայի» փակումը, այնքան ավելի են գազազում Ուկրաինայի ԶՈւ հրետանավորները։ Այն մասին, թե ինչ է կատարվում մարտական գործողությունների գոտում՝ ներկայացնում է ՌԻԱ Նովոստիի հոդվածագիր Անդրեյ Կոցը։
Ահաբեկչության մարտավարությունը
Ուկրաինայի ԶՈւ-ն ԴԺՀ-ի հրետանակոծությունը վերսկսել է մայիսի 11-ի առավոտյան։ Նախ հարվածի տակ ընկավ Դոնեցկից հյուսիս գտնվող Յասնովիտայա քաղաքը։ Բազմաչարչար քաղաքի ուղղությամբ «Գրադ» ՀԿՌՀ-ի ավելի քան տասը ռեակտիվ արկ ուղարկեցին։ Այնուհետև հրետանային հարձակում 122 մմ տրամաչափով՝ Ալեքսանդրովկա գյուղի վրա։ Դրանից հետո արկերը մի քանի տուն քանդեցին Միխայլովկայում և Պանտեյլեմոնովկայում։ Կեսօրին մոտ բաժին հասավ Մակեևկային և Դոնեցկին՝ Կույբիշևսկի և Պետրովսկի շրջաններին։
Նախօրեին Ուկրաինայի ԶՈւ-ն Դոնեցկի մայրաքաղաքին խփում էր կասետային զինամթերքով։ Տեղի երկու բնակիչ է զոհվել, ևս հինգը, ներառյալ մեկ 9-ամյա երեխա, ծանր վնասվածքներ են ստացել: Ուկրաինացի հրետանավորները հարվածել են Կիրովի շրջանում գտնվող «Մերկուրի» շուկային, որտեղ ոչ մի ռազմական օբյեկտ չկա։ Դա հերթական անգամ ապացուցում է, որ Կիևն օգտագործում է ահաբեկչության մարտավարությունը՝ ձգտելով հնարավորինս շատ վախեցնել խաղաղ բնակչությանը։
Ընդհանուր առմամբ, Հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման համատեղ կենտրոնում ԴԺՀ-ի ներկայացուցչության տվյալներով, հանրապետությունում լարվածության 84 օրվա ընթացքում զոհվել է 110 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ չորս երեխա: Վիրավորվել է 499 մարդ, այդ թվում՝ 31 երեխա։ Սա դեռ առանց Մարիուպոլի, այնտեղ հաշվարկը դեռ չի ավարտվել։ Դոնեցկի իշխանությունների խոսքով՝ հենց ուկրաինացի հրետանավորներն են պատասխանատու քաղաքացիական զոհերի մեծ մասի համար:
«Հատկապես անհանգստացնում է 25-րդ առանձին պարաշյուտային-դեսանտային բրիգադի հրետանին, որը նստած է Ավդեևկայում, և 56-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը, որը դիրք է զբաղեցնում Դոնեցկից արևմուտք՝ Պեսկի ավանում,-ՌԻԱ Նովոստիին պատմել է ԴԺՀ բանակի սպան՝ Կլիմով մականունով,-մենք չեն կարող ճակատից գրոհել. ութ տարվա ընթացքում Ուկրաինայի ԶՈւ-ն շատ է ամրապնդվել այդ շրջաններում։ Հրանոթները կրակոցներից անմիջապես հետո գլորում են թաքստոց, այնպես որ շատ դժվար է դրանց ուղղությամբ հակահրետանային կրակ բացել։ Բայց նրանք կորուստներ կրում են։ Բացի այդ, մեզ շատ է օգնում ռուսական ավիացիան»։
Արևմտյան հրետանին
Իսկապես, Ռուսաստանի օդատիեզերական ուժերը լավ «ճմռթել» են ՈւԶՈւ հրետանին։ ՌԴ ՊՆ վերջին տեղեկատվության համաձայն՝ փետրվարի 24-ից ի վեր ավիացիան ոչնչացրել է 1455 հրանոթ և 360 ՀԿՌՀ կայանք։ Բացի այդ, ՈւԶՈւ-ն արկերի լուրջ պակաս է զգում․ զինամթերքի շատ պահեստներ հաջողությամբ խոցվել են բարձր ճշգրտությամբ զենքով, իսկ որոշները, ինչպես, օրինակ, երկրի խոշորագույն զինանոցը Բալակլեայում, ռուսական բանակի վերահսկողության տակ են անցել։
Մյուս կողմից՝ Արևմուտքը մեծացնում է ՆԱՏՕ-ական հրետանային համակարգերի և դրանց զինամթերքի մատակարարումները։ Այսպես, ամերիկացիներն արդեն Ուկրաինայի ԶՈւ-ին են հանձնել մոտ 90 155 միլիմետրանոց M777 հաուբից և դրանց հետ վարվել են սովորեցրել ավելի քան 300 ուկրաինացի զինվորականի: Նմանատիպ տեխնիկա նախատեսում են ուղարկել Կանադան և Ավստրալիան։ Գերմանիան և Նիդեռլանդները Կիևին կփոխանցեն 12 ինքնագնաց հրետանային PZH -2000 համակարգ, որոնք աշխարհում լավագույններից են համարվում: Իսկ Իտալիան իր պահուստներից M109 ինքնագնաց հրետանային կայանքներ կհատկացնի։
Հրետանային համակարգերը կարող են կրակել ՆԱՏՕ-ի երկրների սպառազինության մեջ ներառված 155 միլիմետրանոց զինամթերքի ամբողջ անվանացանկով։ Առավել մեծ վտանգ են ներկայացնում M982 Excalibur ակտիվ կառավարվող ռեակտիվ հրթիռները։
Արևմտյան հաուբիցները դրանք նետում են մինչև 57 կիլոմետր հեռավորությամբ, ընդամենը չորս մետր շրջանաձև հավանական շեղմամբ: Աէրոդինամիկ ծալվող կոնսոլների հաշվին արկը դեպի թիրախն է ուղղվում բալիստիկ հետագծի ամենաբարձր կետից։ Բարձր ճշգրտությունն ապահովում է արբանյակային վերահսկողության համակարգը։
Դժվար թե ուկրաինական ՈւԶՈւ-ն շատ այդպիսի արկեր ստանա։ Ամեն դեպքում դա շատ թանկարժեք խաղալիք է նույնիսկ ՆԱՏՕ-ի չափանիշներով․ մեկ կրակոցը մոտ մոտ 70 հազար դոլար արժե։ Սակայն սովորական բեկորային-ֆուգասային զինամթերքով էլ այդ հաուբիցները խփում են 30 կիլոմետր, ինչը միանգամայն համադրելի է ժամանակակից ռուսական 152 միլիմետրանոց «Մստա-Ս» ՀԻԿ-ի հնարավորությունների հետ։
Հակամարտության հրահրումը
Օրեր առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը օրենք է ստորագրել Ուկրաինայի համար «լենդ-լիզի» մասին։ Փաստաթուղթը, որը հավանության է արժանացել ԱՄՆ կոնգրեսի երկու պալատների կողմից, կհեշտացնի ռազմական օգնությունը Կիևին, ինչպես նաև կընդլայնի այն սարքավորումների և տեխնիկայի անվանացանկը, որոնք Վաշինգտոնը պատրաստ է տրամադրել։ Այնուամենայնիվ, շատ մասնագետներ վստահ են, որ դա կշեռքի նժարը ՈւԶՈւ-ի կողմը չի թեքի։
««Լենդ-լիզի» մասին օրենքը չի ազդի հակամարտության ելքի վրա, բայց կազդի դրա տևողության վրա,-կարծում է միջազգային գործերի գծով Ռուսաստանի խորհրդի փորձագետ Պրոխոր Տեբինը,-Բայդենի վարչակազմին, ինչպես և ընդհանուր առմամբ արևմտյան աշխարհին, ժամանակ ձգելը ձեռնտու է՝ սեփական դիրքերն ամրապնդելու և Ռուսաստանը թուլացնելու համար։ Եվ Ուկրաինային ռազմական աջակցության ուժեղացումը հենց այդ նպատակին է ծառայում. Կիևը, օգտվելով Արևմուտքի երկրների օգնությունից, ավելի մեծ կախվածության մեջ է ընկնում նրանցից»։
Մյուս կողմից, Մոսկվան նույնպես չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել և հետևել, թե ինչպես է արևմտյան զենքն անընդհատ հոսում դեպի արևելք։ Ռուսաստանի օդատիեզերական ուժերն արդեն բարձր ճշգրտությամբ հարվածներ են հասցրել Ուկրաինական երկաթուղիների քարշակային ենթակայանների ուղղությամբ՝ հաղորդակցության ուղիների խոշոր հատվածներ շարքից հանելով: Բացի այդ, միջոցներ են ձեռնարկվում ռազմավարական կարևոր կամուրջները ոչնչացնելու ուղղությամբ։ Իհարկե, մատակարարումը լիովին կանխել հազիվ թե հաջողվի, բայց մահաբեր երկաթի առյուծի բաժինը ռազմաճակատ չի հասնի։