ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի - Sputnik. Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը ազգայնականների հետ Խարկովի մարզում պարարտանյութերով ցիստեռն է պայթեցրել, որ մեղադրի Ռուսաստանի ԶՈւ-ին քիմիական զենք կիրառելու մեջ: Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը։
Նրա խոսքով՝ ենթադրաբար պայթեցվել է ամոնիակային սելիտրայով ցիստեռնը, ինչի հետևանքով առաջացել է նարնջագույն ծխի ամպ, որը որոշ ժամանակ անց ցրվել է:
Նա նշել է, որ զինծառայողների ու տեղի բնակչության շրջանում այդ սադրանքի հետևանքով տուժածներ չկան:
Գեներալը նաև հայտնել է, որ ուկրաինական զորքերը Կրամատորսկ-Սլավյանսկ ագլոմերացիայում ամրացված շրջան են ստեղծել․ այստեղ ծանր սպառազինություն ու տեխնիկա է տեղակայված, տներում կրակակետեր են, 90 հազար խաղաղ բնակիչ արգելափակված են որպես «կենդանի վահան»:
«Խիտ բնակեցված շրջաններում գրոհայինները ծանր սպառազինություն ու տեխնիկա են տեղադրել, տներում կրակակետեր են սարքել, ընդ որում, տեղի բնակիչներին պահում են նկուղներում իբր նրանց անվտանգությունն ապահովելու պատրվակով, իսկ շենքերի պատերին գրառումներ են արել. «Ուշադրություն՝ երեխաներ են», «Այստեղ երեխաներ կան։ Չկրակել» - ասել է Միզինցևը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 77-րդ օրը։