Ստեփանակերտում կրակոցների գործով ձերբակալվածը արցախցի գեներալ է

Սամվել Կարապետյան
Մայիսի 10-ի երեկոյան հնչած կրակոցներից վնասվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակում հնչած կրակոցների դեպքով ձերբակալվածը Արցախի պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ–մայոր Սամվել Կարապետյանն է (հայտնի է նաև որպես գեներալ Օգանովսկի)։ Տեղեկությունը հայտնում են Արցախում Sputnik Արմենիայի աղբյուրները։
Արցախի դատախազությունն ավելի վաղ հայտնել էր, որ կրակոցների փաստով հարուցված քրեական գործով ենթադրյալ հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել է ԱՀ քաղաքացի Ս.Կ.-ն։
Պաշտոնական տվյալներով` կրակոցները հնչել են մայիսի 10-ին` ժամը 19:10-ի սահմաններում։ Դրանց հետևանքով վնասվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան:
Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և 245-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված հանցանքների հատկանիշներով: