Կարեն Գիլոյանն ընդունել է գեղասահքի լեգենդար մարզիչ Ալեքսեյ Միշինին

ՌԴ գեղասահքի թիմն ավարտում է երևանյան հավաքն ու հայ գեղասահորդների հետ մարզումները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է գեղասահքի ռուս լեգենդար մարզիչ Ալեքսեյ Միշինին, հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Ալեքսեյ Միշինը Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի հրավերով մայիսի 1-ից իր թիմի հետ ուսումնամարզական հավաք է անցկացնում Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում: Նա նաև վարպետության դասեր և մարզումներ է իրականացնում տարբեր տարիքի հայ գեղասահորդների հետ:
Գեղասահքի ռուս լեգենդար մարզիչ Ալեքսեյ Միշին
ԿԳՄՍ նախարարի տեղակալը կարևորել է նմանօրինակ հավաքների և վարպետության դասերի դերը, քանի որ, հայ մարզիչները, այնուամենայնիվ, որակավորման բարձրացման խնդիր ունեն։
«Վստահ եմ՝ Ձեր այցը կխթանի նաև մեր մարզիչների մասնագիտական աճը և կունենա դրական ազդեցություն, ինչպես նաև կօգնի բարելավել հետագա արդյունքները»,–ասել է Գիլոյանը:
81-ամյա մասնագետն ընդգծել է՝ տպավորված է հայ երեխաներով։
«Հրաշալի երեխաներ ունեք: Հայերը միշտ էլ իրենց ուրույն տեղն են ունեցել գեղասահքում: Պատահական չէ, որ ձմեռային օլիմպիական խաղերի չեմպիոն Նեյթան Չենի մարզիչը հայ է՝ Ռաֆայել Հարությունյանը: Գիտեմ, որ միջազգային ֆեդերացիայի տարբեր կոմիտեներում էլ ներգրավված են հայ մասնագետներ և էական ազդեցություն ունեն մարզաձևի զարգացման վրա»,–ասել է Միշինը:
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում ավելի մեծ թվով սահադաշտերի առկայության դեպքում ավելի շուտ հնարավոր կլիներ հաջողություններ գրանցել:
Նշենք՝ Ալեքսեյ Միշինի գլխավորությամբ երևանյան հավաքին մասնակցում են մենասահքի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, թիմային պայքարում աշխարհի չեմպիոն Ելիզավետա Տուկտամիշևան, 2018 ձմեռային օլիմպիական խաղերի թիմային պայքարի փոխչեմպիոն, աշխարհի չեմպիոն, տղամարդկանց մենասահքի աշխարհի և Եվրոպայի բրոնզե մեդալակիր Միխայիլ Կոլյադան և Ռուսաստանի հավաքականի այլ մարզիկներ:
ՌԴ գեղասահքի թիմն այսօր՝ մայիսի 11-ին, կավարտի երևանյան հավաքն ու հայ գեղասահորդների հետ մարզումները: