ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Այսօր, երբ «Դիմադրություն» շարժումը շրջափակել էր Երևանի քաղաքապետարանի շենքը, ընդդիմադիր գործիչ Իշխան Սաղաթելյանը հեռախոսակապ է հաստատել ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ, գրում է «Փաստինֆոն»։
Հայտնել ենք, որ իրավիճակը մի պահ լարված էր քաղաքապետարանի մոտ, քանի որ տեղում մեծաթիվ ոստիկանական ուժեր էին հավաքվել, իսկ ակցիայի մասնակիցները փակել էին քաղաքապետարանի բոլոր 4 մուտքերը։
«Պարո՛ն Ղազարյան, ես փոխանցել եմ այստեղի ծառայողներին, շենքը շրջափակված է, հետ չենք գնալու: Բախման եք տանելու, մի՛ արեք, ոստիկաններին ասեք՝ հետ քաշվեն»,-ասաց Սաղաթելյանը և պահանջեց, որ ոստիկանները հերթափոխ չանեն։
Զրույցից հետո Սաղաթելյանն ասաց, որ Ղազարյանը խոստացել է` ոստիկանները ցուցարարների նկատմամբ ուժ չեն կիրառի:
Ի դեպ, հեռախոսազրույցից հետո Սաղաթելյանը հեռախոսը փոխանցեց ոստիկաններից մեկին։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։