ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Հայաստանն ու Իրանը կքննարկեն Իրանից Հայաստան գազի մատակարարման ծավալներն ավելացնելու հարցը։ Իրան–Հայաստան միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը։
«Հաշվի առնելով գազի համաշխարհային պահանջարկը՝ բնականաբար, պետք է զարգացնել տարանցման հնարավորությունն օգտագործելու հանգամանքը։ «Հյուսիս–Հարավ» մայրուղով Հայաստանը շատ լավ տարբերակ է ապրանքների տարանցման համար։ Բացի այդ, Իրանից Հայաստան գազի արտահանման ծավալներն արդեն իսկ ավելացել են, և այսօրվա նիստին Իրանի գազի արտահանման ազգային ընկերության գործադիր տնօրենն էր ներկա և համաձայնություններ են ձեռք բերվել, որ կքննարկվի գազի մատակարարման ծավալների էլ ավելացման հարցը»,– ասաց Մեհրաբիանը։
Նա հայտնեց նաև, որ այսօր ստորագրած փոխըմբռնման հուշագրում նշված է Իրան–Հայաստան–Վրաստան էլեկտրաէներգիայի տարանցման մասին։ Մեհրաբիանի խոսքով` իրենց անհրաժեշտ ծավալը ստանալ, իսկ ավելցուկը՝ արտահանել։
Հիշեցնենք, որ Հայ-իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստի արդյունքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Նիստի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշել էր,որ Իրանի հետ երկաթուղային կապի հաստատումը ՀՀ օրակարգային կարևորագույն հարցերից է։