ՀՀ–ում հանրային վայրեր այցելելիս QR կոդ այլևս չի պահանջվի

Մայիսի 1-ից ՀՀ տարածք մուտք գործելու մի շարք սահմանափակումներ արդեն հանվել էին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Հայաստանի հանրային վայրեր այցելելիս մայիսի 12-ից այլևս չի պահանջվի QR կոդ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Հաշվի առնելով երկրում կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային հարաբերականորեն կայուն իրավիճակը` գործող սահմանափակումները մեղմացվել են: Մասնավորապես, մայիսի 12-ից ուժը կորցրած կճանաչվի հանրային սննդի օբյեկտներ, հյուրանոցային տնտեսության օբյեկտներ և մարզասրահ, գրադարաններ և թանգարաններ, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպություններ այցելելիս ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի կամ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատի ներկայացման պահանջը»,– նշված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ փետրվարի 10–ին Sputnik Արմենիայի հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք նախարարությունն առաջիկայում չի՞ պատրաստվում չեղարկել QR կոդով կամ թեստի պատասխան ներկայացնելով ժամանցի վայրեր այցելելու կարգը, հայտնել էր, որ սահմանափակումը կհանվի, եթե կորոնավիրուսի դեպքերը նվազեն։
Հիշեցնենք, որ ըստ նախարարի հրամանի` հունվարի 22-ից ռեստորաններ և սրճարաններ, հյուրանոցներ և մարզասրահներ, ինչպես նաև մշակութային հաստատություններ չի կարելի մուտք գործել առանց պատվաստումը հավաստող փաստաթղթի կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքի (առավելագույնը 72 ժամ վաղեմության)։ Մշակութային կենտրոններից Sputnik Արմենիային հայտնել էին, որ սահմանափակման հետևանքով միջինը 45-60 տոկոս տոմսերի վաճառքը պակասել է։
Հավելենք, որ մայիսի 1-ից էլ ՀՀ տարածք մուտք գործելու սահմանափակումներն են հանվել` ուժը կորցրած է ճանաչվել օդային և ցամաքային սահմանային անցման կետերով ՀՀ մուտք գործելիս ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ արագ թեստի 24 ժամ վաղեմության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը: Սահմանափակումները հանվել են նաև ՔԿՀ–ներում և ԶՈՒ–ում։