ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Բանաստեղծուհի և դերասանուհի Աննա Եղոյանի տեսահոլովակները, որոնցում նա ասմունքում է, համացանցում միլիոնավոր դիտումներ են հավաքում: Հետաքրքիրն այն է, որ դերասանուհին կարողացել է նման լայն լսարանի ուշադրությունը գրավել միայն բանաստեղծությունների ընթերցումով՝ շոուի կամ հնարքի այլ տարրերի աղջիկը չի դիմում։ Նրա «զենքը» գեղեցիկ ձայնն է, կատարման զգայական ձևը և իհարկե՝ անհուն հայկական աչքերը։
«Թե՛ կյանքում, թե՛ բեմում ես ես եմ։ Այսինքն՝ ո՛չ այնտեղ, ո՛չ այստեղ չեմ խաղում... Բեմի վրայի բոլոր հույզերն իրական են, այնտեղ հոգիս մերկ է...Ես սիրում եմ մարդկանց ավելի մոտ լինել, ունկնդիրներիս հետ` նույն մակարդակի վրա»,- ասում է Աննան և խոստովանում, որ հենց այդ պատճառով էլ իր համար միշտ հաճելի է ավելի կոմպակտ, փոքր դահլիճներում ելույթ ունենալ։
Հայտնի լինելու մասին
Իր առաջին տեսահոլովակի համար Աննան ընտրել է Դմիտրի Բիկովի «Իրականում» ստեղծագործությունը: Հետո ցույց է տվել ձայնագրությունը տատիկին՝ իր առաջին ունկնդրին, ու հարցրել՝ արժե՞ արդյոք տարածել այն համացանցում։
Տատիկն իր հավանությունը տվել է, ու տեսանյութը լավ տարածվել է համացանցում:
«Ինքս էլ դեռ չեմ հասկանում՝ ինչ տեղի ունեցավ, ինչու մարդիկ սկսեցին տարածել։ Իհարկե, ես ընտրում եմ ստեղծագործություններ, որոնք կարող են արձագանք գտնել ունկնդիրների սրտերում... Երբ բանաստեղծության տողերում մարդիկ տեսնում են իրենց, դա նրանց հուզում է, նրանք ուզում են ներկայացնել այն նաև իրենց հարազատներին, ընկերներին, հնարավոր է` այն մարդուն, ում հետ կռված են։ Այսպիսով, մարդիկ միմյանց հետ շփվում են բանաստեղծություններով»,- ասում է ասմունքողը։
Արգելված թեմայի և սիրո ուժի մասին
Աննա Եղոյանի պոեզիայի մեջ քաղաքական հարցերին անդրադարձող բանաստեղծություններ չկան։
Ի՞նչն է նրա ուշադրության կենտրոնում։ Առաջին հերթին, սիրո մասին բանաստեղծությունները և ոչ միայն տղամարդու ու կնոջ միջև։
«Կյանքի կատաղած ռիթմի մեջ մենք մոռանում ենք, որ կա այնպիսի հրաշք, որը բուժում է, որն օգնում է դժվարին պահին։ Դա սերն է, դա աջակցությունն է, դա լույսն է»,- հիշեցնում է Աննան։
Պոեզիա, որը միավորում է
Աննայի արվեստը միավորում է ամենատարբեր մարդկանց, տարբեր ազգությունների ներկայացուցիչներին։
«Ամենաշատը զարմանում եմ, որ իմ միջոցառումներին հավաքվում են բացարձակապես տարբեր աշխարհայացքների, տարբեր հավատքի մարդիկ, և ես անչափ ուրախ եմ դրա համար... Չէ՞ որ սերը կրոն չունի։ Ու ես աշխարհի մարդ եմ»,- խոստովանում է նա։
Երևանի և ոգեշնչման աղբյուրների մասին
Բացի շնորհակալ հանդիսատեսից, բանաստեղծուհին ոգեշնչում է ստանում այն ամենից, ինչը շրջապատում է իրեն։
«Երբ երեկոյան ժամանեցի Երևան, ինչ-որ պահի երջանկությունից աչքերս արցունքներով լցվեցին, որովհետև այստեղ ես անհավանական ուժ եմ զգում։ Սա իմ հայրենիքն է, իմ հայրենի հողն է, որտեղ ես ինձ զգում եմ տանը, ապահով եմ զգում։ Հայաստանն ինձ ներշնչում է, ոգեշնչման աղբյուր է»,- խոստովանում է ՌԴ-ում ապրող հայուհին։
Աղջիկն անձնական կյանքը գաղտնի է պահում. «Կյանքի, ընտանիքի, անձնական հարցերը խիստ գաղտնի են»։
Աննա Եղոյանը ծնվել է 1991 թվականին Երևանում։ Մանկության տարիներին ընտանիքի հետ տեղափոխվել է Ռուսաստան։ Աննան ավարտել է Պ. Գ. Դեմիդովի անվան Յարոսլավլի պետական համալսարանի բանասիրության ու հաղորդակցության ֆակուլտետը: Բացի այդ, ստացել է նաև երաժշտական կրթություն ու ևս յոթ տարի այցելել է պարահանդեսային խմբակներ ու բազմիցս տարբեր մրցույթների է մասնակցել: