ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի գրեթե բոլոր աշխատակիցները շենքի ներսում են։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։
«Այժմ գրեթե բոլոր աշխատակիցներն էլ ներսում են, քանի որ շենքը շրջափակել են աշխատանքային ժամի ավարտից ավելի շուտ»,- ասաց Սարդարյանը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ ընդդիմադիրները փակել են Երևանի քաղաքապետարանի բոլոր 4 մուտքերը։ Այժմ քաղաքապետարանի շենքը դեռ շրջափակված է։
«Դիմադրություն» շարժման անդամներից Իշխան Սաղաթելյանը՝ դիմելով քաղաքապետարանի ներսում գտնվողներին, ասաց, որ պետք է ըմբռնումով մոտենան իրավիճակին և ճնշումների չենթարկվեն։
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության ակցիաներ, երթեր ու հանրահավաքներ։