ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գեներալ-մայոր Սամվել Կարապետյանին աջակցող դիմումներ է ստացել։ Տեղեկությունը «Արցախպրեսին» է հայտնել ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 10-ին` երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի «Վերածննդի» հրապարակում հնչել են կրակոցներ, որոնց հետևանքով վնասվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան: Հարուցվել է քրեական գործ և ենթադրյալ հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել էԱրցախի պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ–մայոր Սամվել Կարապետյանը (հայտնի է նաև որպես գեներալ Օգանովսկի)։
«Գործը գտնվում է իրավապահ մարմինների լիազորությունների տիրույթում: Չնայած այն հանգամանքին, որ Արցախի նախագահը անցած ժամերի ընթացքում Սամվել Կարապետյանին աջակցող դիմումներ է ստացել և ինքն էլ բարձր է գնահատում Հայրենիքի պաշտպանության գործում պարոն Կարապետյանի ունեցած վաստակը, սակայն իրավասու չէ որևէ կերպ միջամտելու իրավապահների աշխատանքին: Արցախի Հանրապետությունում բոլորն օրենքի առջև հավասար են, և այս առումով նախագահը բազմիցս հայտարարել է, որ Արցախում արտոնյալներ չպետք է լինեն»,- ասել է Ավանեսյանը:
Նշենք, որ պաշտոնական տվյալներով` կրակոցները հնչել են մայիսի 10-ին` ժամը 19:10-ի սահմաններում։ Դրանց հետևանքով վնասվել է Ստեփանակերտ քաղաքի բնակչին պատկանող ավտոմեքենան:
Դեպքի առթիվ ԱՀ քննչական կոմիտեում քրեական գործ է հարուցվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) և 245-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) նախատեսված հանցանքների հատկանիշներով: