Արդեն ազատության մեջ է. Գեղամ Մանուկյանը` դաշնակցական երիտասարդին առևանգելու մասին

Գեղամ Մանուկյան
Ընդդիմադիր պատգամավորը չբացառեց, որ փաստաբանը Պետո Սարոյանի գործով կդիմի Հակակոռուպցիոն կոմիտե:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՀՅԴ կուսակցության անդամ Պետո Սարոյանին առևանգել են քաղաքացիական հագուստով մի քանի ոստիկաններ, սակայն նա արդեն ազատության մեջ է։ Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Ավելի վաղ փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ մայիսի 10-ի երեկոյան Երևանում անհայտ անձինք առևանգել են ՀՅԴ անդամ Պետո Սարոյանին: Նա համոզմունք էր հայտնել, որ առևանգողները իրավապահ մարմինների աշխատակիցներ չեն եղել։

«Փաստաբան Բենիկ Գալստյանը շփվել է ինչպես Շիրակի մարզի ոստիկանության օպերլիազորների, այնպես էլ պաշտոնատար անձանց հետ, որպեսզի անհրաժեշտության դեպքում Սարոյանը ներկայանա տեղամաս։ Սակայն քաղաքացիական հագուստով մի քանի ոստիկաններ կեսգիշերին նրան պարզապես առևանգել են», - ասաց Մանուկյանը։

Նրա խոսքով՝ Սարոյանն ազատ է արձակվել առավոտյան ժամը 04։00-ին։ Մանուկյանը չբացառեց, որ փաստաբանը կդիմի Հակակոռուպցիոն կոմիտե: