ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ռազմական դրության պայմաններում ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի կողմից իշխանության անգործություն ցուցաբերելու, N զորամասի հրամանատարի կողմից պաշտոնական դիրքը չարաշահելու գործով նախաքննությունն ավարտվել է, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Մակարյանին դեռ 2021-ի ապրիլին էր մեղադրանք առաջադրվել քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3 մասով՝ պետի կամ պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որը զգալի վնաս է պատճառել, կատարվել է ռազմական դրության, պատերազմի կամ մարտական պայմաններում: ԶԼՄ-ների տեղեկություններով՝ գեներալը պատերազմի ժամանակ 62 զինվորականներից բաղկացած ստորաբաժանման անհետ կորչելու պատճառ է դարձել:
ՔԿ-ն հայտնում է, որ Մակարյանը 2021թ. հոկտեմբերի 21-ին Կովսականում մարտական հատուկ առաջադրանքի իրականացման պատասխանատու էր։ Նրա ենթակայությամբ գործող խմբի մի մասը՝ N զորամասի հրամանատար Ա.Ա.-ի գլխավորությամբ Կովսական քաղաքի սկզբնամասում ընկել է շրջափակման մեջ և հակառակորդի հետ բռնվել անհավասար մարտի:
Նման պայմաններում Մակարյանը վերոնշյալ խմբին օգնության շտապելու փոխարեն` ցուցաբերել է իշխանության անգործություն, իրեն ենթակա անձնակազմին տվել է «նահանջ» հրաման և վերադարձել Կապան։ Դրա հետևանքով շրջափակման մեջ հայտնված 62 հոգանոց խումբը հակառակորդի հետ անհավասար մարտի պայմաններում մնացել է առանց օգնության. 5-ը գերեվարվել են, 12-ը՝ սպանվել, իսկ 23 զինծառայողների, ինչպես նաև ավտոբուսի 1 վարորդի գտնվելու վայրն առայսօր անհայտ է:
Հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:
Հավելենք, որ 2021-ի ապրիլին գեներալի խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Ավելի ուշ Մակարյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից։