ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Յոթ մարդ է զոհվել և 231-ը վիրավորվել է Շրի Լանկայում տեղի ունեցած բախումների ընթացքում․ բախումների պատճառը քաղաքական ճգնաժամն է, որը սկսվել է տնտեսական ճգնաժամից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով News First պարբերականին։
«Երեկ տեղի ունեցած բախումների հետևանքով 231 մարդ վիրավորվել է և տեղափոխվել տարբեր հիվանդանոցներ, նրանցից 218-ը բուժում է ստանում Կոլոմբոյի ազգային հիվանդանոցում»,- մեջբերում է պարբերականը ոստիկանության տվյալները:
Երկրի մայրաքաղաքում բախումները սկսվել են մայիսի 9-ի առավոտյան, երբ «Շրի Լանկայի Ժողովրդական ճակատ» իշխող կուսակցության մի քանի հազար կողմնակիցներ, որոնք ավտոբուսներով բերվել էին գյուղական բնակավայրերից, հարձակվել են ընդդիմության կողմնակիցների վրանային ճամբարի վրա, իսկ ավելի ուշ բախումներ են սկսվել երկրի վարչապետի և նախագահի նստավայրերի մոտ հանրահավաքի մասնակից ընդդիմադիրների հետ։
Բախումների մասնակիցներին ցրելու համար ոստիկանությունը ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել: Հաղորդվում է, որ կարգուկանոնը պահպանելու համար ներգրավվել են բանակի ստորաբաժանումները։
Երեկ երեկոյան Շրի Լանկայում ցուցարարները հրկիզել են հրաժարական տված կառավարության ղեկավար Մահինդա Ռաջապաքսայի և նրա եղբոր՝ երկրի նախագահ Գոթբայա Ռաջապաքսայի ընտանեկան տունը: Հեռուստաալիքի տվյալներով՝ հրկիզվել են նաև երեք նախկին նախարարների և երկու պատգամավորների տներ։
Շրի Լանկայում քաղաքական ճգնաժամը ծագել է՝ 1948 թվականին անկախացումից ի վեր վատթարագույն տնտեսական ճգնաժամից հետո: Այն պայմանավորված է արտարժույթի դեֆիցիտով, որն առաջացել է կորոնավիրուսի համավարակի պատճառով զբոսաշրջային հոսքի սահմանափակման պատճառով, ինչի հետևանքով երկիրը չի կարող բավականաչափ վառելիք գնել: Երկրում պարենի և առաջին անհրաժեշտության առարկաների, վառելիքի և գազի սուր պակաս է զգացվում։ Շրի Լանկայի շատ շրջաններում էլեկտրաէներգիայի մշտական անջատումների են՝ վառելիքի ներմուծման համար անհրաժեշտ արտարժույթի պակասի պատճառով:
Նախօրեին Շրի Լանկայի վարչապետ Մահինդա Ռաջապաքսան հրաժարական է տվել։ Գոթբայա Ռաջապաքսան էր մայիսի 6-ին հատուկ նիստի ժամանակ նրան խնդրել հրաժարական տալ՝ որպես շարունակվող քաղաքական ճգնաժամի լուծում: Սպասվում է, որ մոտ ժամանակներս երկրի նախագահը խորհրդարանում բոլոր քաղաքական կուսակցություններին կհրավիրի նախարարների համակուսակցական կառավարություն ձևավորելու: