Պետք է խաղաղ համաձայնագրի միջոցով գնալ կարգավորման. Պետդեպը կոչ է արել ՀՀ–ին և Ադրբեջանին

Նեդ Փրայսը նշել է, որ Պետդեպը նախկինի պես պատրաստ է օգնել Հայաստանին ու Ադրբեջանին այդ ջանքերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ԱՄՆ Պետդեպարտամենտը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում շարունակել ակտիվացնել դիվանագիտական փոխգործակցությունը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կամ դրանից բխող բոլոր չլուծված հարցերի լուծումները գտնելու համար օգտագործել ուղիղ փոխգործակցության գոյություն ունեցող մեխանիզմները։ Ճեպազրույցի ժամանակ նման կոչով է հանդես եկել Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը։
«Մենք այդ մասին մի քիչ խոսել ենք նախորդ շաբաթ. պետքարտուղար Էնթոնի Բլինկենը շաբաթներ առաջ հնարավորություն է ունեցել խոսել Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ։ Մենք, ինչպես նախկինում, հավատարիմ ենք Հարավային Կովկասում խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի զարգացմանը»,–ասել է Փրայսը։
Նրա խոսքով` Պետդեպը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին համապարփակ խաղաղ համաձայնագրի կնքման միջոցով հարաբերությունները կարգավորել: Իսկ ինչ վերաբերում է պետդեպի դերին, ապա Փրայսը վստահեցրել է, որ նախկինի պես պատրաստ են օգնել Հայաստանին ու Ադրբեջանին այդ ջանքերում, այդ թվում ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։ Նա հավելել է, թե երբ խոսում են գոյություն ունեցող մեխանիզմների մասին, իհարկե, նկատի են ունենում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբին նույնպես։