Պարագվայի՝ հատուկ հարցերով դատախազին սպանել են Կոլումբիայում մեղրամսի ժամանակ

Սպանությունից մի քանի ժամ առաջ դատախազի կինը հայտնել էր, որ հղի է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի-Sputnik. Անհայտ անձինք սպանել են Պարագվայի՝ կազմակերպված հանցավորության և թմրավաճառության դեմ պայքարի հարցերով զբաղվող դատախազին, որը մեղրամիսն էր անցկացնում Կոլումբիայում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Պարագվայի Ultima Hora թերթին:
Վկայակոչելով Ինտերպոլի տեղական բաժանմունքին, պարբերականը գրում է, որ հատուկ դատախազ Մարսելո Պեչին ու նրա կինը՝ լրագրող Կլաուդիա Ագիլերան, հարսանեկան արձակուրդն էին անցկացնում Կոլումբիայի Կարտախենա քաղաքի մոտ գտնվող Բարու կղզում:
Հիդրոցիկլներով հանցագործները կրակ են բացել Պեչիի վրա, երբ զույգը պատրաստվում էր լքել կղզին։ Տղամարդը տեղում մահացել է, նրա կինը մնացել է անվնաս։ Դեպքից մի քանի ժամ առաջ նա հայտարարել էր հղիության մասին։
Մերձմոսկվայում սպանության գործով որոնում են Թուրքիայի քաղաքացուն
Պարագվայի ԱԳՆ-ն կարճ հաղորդագրությամբ հայտնել է, որ Կոլումբիայում երկրի դեսպանին հանձնարարվել է մանրամասն տեղեկություններ ձեռք բերել կատարվածի մասին, ինչպես նաև կապ հաստատել զոհվածի կնոջ ու Կոլումբիայի անվտանգության մարմինների ղեկավարության հետ:
Դատախազ Պեչին հետաքննել է թմրանյութերի ապօրինի շրջանառության հետ կապված առանձնապես խոշոր գործեր։ Վերջին ամիսներին նա զբաղվել է երկրի պատմության մեջ խոշորագույն` A Ultranza հատուկ ծառայություններին վերաբերող գործերով։