Գյումրիում իշխանության «պապիկ» օպերացիան կազմակերպված էր. Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյան. Արխիվային լուսանկար
Մանուկյանը վստահ է, որ նախաքննական մարմինը շատ արագ կբացահայտի տեղի ունեցածը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Գյումրիում տեղի ունեցած միջադեպի տեսանյութը, որի ժամանակ երիտասարդները հարվածում են տարեցներին, կիսատ է, իսկ միջադեպը` կազմակերպված։ Նման հայտարարություն արեց «Դիմադրություն» շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նշենք, որ մայիսի 8–ին Գյումրիում տարեցների և «Դիմադրություն» շարժման երիտասարդ անդամների միջև բախում էր տեղի ունեցել։ Հայտնի դարձավ, որ դեպքով կան ձերբակալվածներ, որոնց թվում նաև Գեղամ Մանուկյանի որդին` Տարոնը։
«ՔԿ–ն ինֆորմացիան կիսատ է տալիս։ Երեկվա տեսանյութից հետո Արծվիկ Մինասյանը ՔԿ նախագահին տեղեկացրել է, որ ծեծկռտուքին մասնակցած երիտասարդներից մի քանիսն այսօր առավոտյան կներկայանան նախաքննական մարմին և այսօր վաղ առավոտյան մեր գործընկեր Թադևոս Ավետիսյանի ուղեկցությամբ մեկնել են Գյումրի, ներկայացել նախաքննական մարմնին։ Չնայած դրան, այսօր վաղ առավոտյան դիմակավորված, անհասկանալի հանդերձանքով անձանց հետ ոստիկանները ժամանել են մի քանի բնակարան, այդ թվում` մեր։ Տեղեկացրել եմ, որ որդիս տանը չէ և ներկայանալու է նախաքննական մարմնին»,–ասաց Մանուկյանը։
Ինչ վերաբերվում է միջադեպին, Մանուկյանի խոսքով, դա իշխանության կողմից կազմակերպված էր։
«Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը շատ լավ գիտի, թե ինչպես է դա կազմակերպել։ Դուք տեսանյութը տեսել եք կիսատ, երիտասարդների ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել, հավկիթներով են հարվածել, այն հայհոյանքները, որ տալիս էր նույն այդ պապիկը, գյումրեցին դրանց ասում է լաբարոշ»,–ասաց Մանուկյանը։
Նրա խոսքով` այնքան ագրեսիվ էին այդ տարեց մարդիկ, որ ոստիկանները չէին կարողանում նրանց մայթի վրա պահել։
Պատգամավորը հավելեց որ միջադեպից հետո շենքի բնակիչները եկել են ներողություն են խնդրել տղաներից ու ասել, որ այդ մարդիկ իրենց շենքից չեն։
Մանուկյանը վստահ է, որ իշխանության «պապիկ» օպերացիան ոստիկանները շատ արագ կբացահայտեն։
Շիրակցի գերիների ծնողները փակել են «Դիմադրության» ավտոերթի ճամփան
Նշենք, որ մայիսի 8-ին ընդդիմության կողմից կազմակերպած ավտոերթի ընթացքում, Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում կանգնած քաղաքացիների և հիշյալ ավտոերթի մասնակիցների միջև տեղի է ունեցել վիճաբանություն։
Պարզվել է, որ մի խումբ երիտասարդներ, իջնելով ավտոմեքենայից, մոտեցել են հասարակական տրանսպորտի կանգառում կանգնած տարեց տղամարդկանց և սկսել հարվածներ հասցնել նրանց մարմնի տարբեր մասերին:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննության ընթացքում պարզվել է տուժած տղամարդկանց ինքնությունը, որոնք 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են: